Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեկ Դամասկոսում ընդունել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովին:
Սիրիան երկու ամիս առաջ համալրել է Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչած մի քանի երկրների ցանկը:
Ասադի գրասենյակը հայտնել է, որ Հարավային Օսիայի փաստացի ղեկավարը եռօրյա աշխատանքային այցով է գտնվում Սիրիայում:
Ասադը Բիբիլովին շնորհակալություն է հայտնել սունի ապստամբների դեմ 7 տարի շարունակվող պատերազմում «Սիրիայի օրինական իշխանությանը, ինքնիշխանությանը և միասնականությանը սատարելու համար»:
Ասադը պնդել է, որ «ի տարբերություն արևմտյան երկրների մեծ մասի՝ Հարավային Օսիան ճանաչում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»:
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Սիրիան և Հարավային Օսիան երեկ Դամասկոսում բարեկամության և համագործակցության պայմանագիր են կնքել:
Ռուսաստանից զատ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և Սիրիան:
Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ այն բանից հետո, երբ Դամասկոսը պաշտոնապես ճանաչել է այդ երկու անջատական տարածքների անկախությունը: