Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերից» Պավել Մանուկյանը աղմկահարույց հայտարարություն է անում դատարանում


Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքում, 23-ը հուլիսի, 2016 թ․
Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքում, 23-ը հուլիսի, 2016 թ․

«Սասնա ծռեր» զինված խմբի առանցքային անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր դատարանում աղմկահարուց հայտարարություններ հնչեցրեց՝ պնդելով, թե Ոստիկանության պարեկապահակետային գնդում (ՊՊԾ) ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ, ներկայումս ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը։

«Այս մեր արդարադատությունը ես չեմ ուզում անարդարության ճանապարհով դուրս գանք նորից ճանապարհ: Ես չեմ կարող տանել այդ կեղծիքը, մեր «Սասնա» տղերքից յուրաքանչյուրս նույնպես: Այդ պատահական կրակոցի հեղինակը իմ մարտական ընկեր, իմ ջերմ ընկեր Էդվարդ Գրիգորյանն է: Որի համար պատժվում է Արմեն Բիլյանը», - դատարանի դահլիճում հայտարարեց Մանուկյանը:

Երկու տարի առաջ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհվեց երեք ոստիկան։ Նրանց սպանության համար մեղադրանք է առաջադրված Սմբատ Բարսեղյանին ու Արմեն Բիլյանին: Վերջինս մեղադրվում է նաև գնդի տարածքում առկա բանկոմատը կոտրելու մեջ։

Պավլիկ Մանուկյանն այսօր նաև հայտարարեց, որ բանկոմատը կոտրել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ կրկին ազատության մեջ գտնվող Մխիթար Ավետիսյանը․ - «Դրա հեղինակը մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է: Տղաների խափանման միջոցը փոխված է, բոլորը պիտի դուրս գան՝ ի շահ պետության և արդարության»:

Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նիստից հետո ասաց, որ իր պաշտպանյալի հայտարարությունը իր հետ համաձայնեցված չի եղել, ուստի մեկնաբանել չի կարող։

Մանուկյանի այս հայտարարություններն անակնկալ էին զինված խմբի մյուս անդամների ու նրանց փաստաբանների համար։ «Սասնա ծռերի» առանցքային մեկ այլ անդամ Վարուժան Ավետիսյանը անմիջապես արձագանքեց, որ հայտարարությունները զինված խմբի տեսակետ չեն արտահայտում․ - «Պարոն Մանուկյանի անձնական հայտարարությունն է, ընդհանուր խմբի հետ համաձայնեցված չէ և ընդհանուր տեսակետ չի արտահայտում»:

Մխիթար Ավետիսյանն ու Էդվարդ Գրիգորյանը, որոնք վերջերս մի խումբ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակվեցին, այսօրվա նիստից հետո արագ հեռացան դահլիճից՝ նշելով միայն, որ Պավլիկ Մանուկյանի սխալ տեղեկատվության է տիրապետում։

ՊՊԾ գնդի գրավման և գույք ոչնչացնելու մեջ մեղադրվող Էդվարդ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը նույնպես տարակուսած է․ Պավլիկ Մանուկյանի հայտրարություններն, ըստ նրա, անհիմն են, դրդապատճառը անհասկանալի․ - «Բացարձակ անհասկանալի է ինչ իմաստ ունի, ինչի է արվել, ինչ նպատակով: Մեկնաբանել չեմ կարող: Կարող եմ միայն հաստատապես ասել, որ Էդվարդ Գրիգորյանը որևէ անձի ուղղությամբ երբևէ ՊՊԾ գնդում եղած ժամանակ չի արձակել, և նրա կողմից արձակված որևէ կրակոցից որևէ անձ որևէ հրազենային վնասվածք չի ստացել»:

Երևանում տեղակայված պարեկապահակետային գունդը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավելու, երեք ոստիկանի սպանության, պատանդներ պահելու, պետական գույքը ոչնչացնելու համար մեղադրվում են «Սասնա ծռեր» զինված խմբի երեք տասնյակից ավելի անդամներ։

Մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո դատարանը փոխեց նրանց մի մասի խափանման միջոցն ու ազատ արձակեց։

Երվանդ Վարոսյանի կարծիքով, եթե անգամ Պավլիկ Մանուկյանի ցուցմունք դառնան դատարանում, ապա մեղադրանքի փոփոխություն տեղի չի ունենա․ - «Ինչ հայտարարություն ասես կարելի է անել, բայց դա չի նշանակում, որ դա իրականության հետ պարտադիր պիտի առնչություն ունենա: Որովհետև նման բան առհասարակ չի եղել»:

XS
SM
MD
LG