Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել նախկին ոստիկանապետի հարազատների մասնակցությամբ միջադեպի առթիվ


Հիվանդանոցում հայտնված Ավետիք Սարգսյանը «Ազատությանը» պատմում է միջադեպի մանրամասները, 9-ը հուլիսի, 2018թ․
Հիվանդանոցում հայտնված Ավետիք Սարգսյանը «Ազատությանը» պատմում է միջադեպի մանրամասները, 9-ը հուլիսի, 2018թ․

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության սպառնալիք տալու և ոստիկանի կողմից քաղաքացուն դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի առթիվ:

Այս գործը վերաբերում է կիրակի՝ Վարդավառի տոնին Կոտայք համայնքում տեղի ունեցած միջադեպին, որում ներգրավված են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը և եղբորորդին՝ Կարեն Գասպարյանը և Սերգեյ Գասպարյանը:

Ըստ ՀՔԾ-ի՝ հաղորդում տված Ավետիք Սարգսյանը ոստիկաններին պատմել է, որ կիրակի իրենց տան դիմաց, անչափահաս դստեր կողմից Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել վերջինիս և իր միջև: Այնուհետև, Կարեն Գասպարյանի որդին, ով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող է, իրեն կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ իրեն տվել են սպանության սպառնալիք. պահանջել են ծնկաչոք ներողություն խնդրել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն:

Սարգսյանը վախենալով սպառնալիքներից՝ ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին: Կատարվում է նախաքննություն, հաղորդում է ՀՔԾ-ն:

Երեկ ոստիկանապետ Վալերի Օսպիյանը «Ազատությանը» ասել էր, որ այդ գործով ծառայողական քննություն է ընթանում, և ոստիկան Սերգեյ Գասպարյանի լիազորությունները կասեցվել են:

Միջադեպի մասին «Ազատությանը» երկուշաբթի ահազանգել էին ինչպես հաղորդում տված Ավետիք Սարգսյանը և նրա ընտանիքի անդամները, այնպես էլ համայնքի մի շարք բնակիչներ: Անչափահաս Սոնա Սարգսյանը պատմել էր, որ Վարդավառի տոնին գյուղում ընկերների հետ խաղալիս, փոքր տարայով ջուր է լցրել Կարեն Գասպարյանի ավտոմեքենայի վրա, ով, արգելակելով մեքենան, մոտեցել էր աղջկան, բռնել էր մազերից ու փորձել գլուխը մտցնել մոտակա առվակի մեջ։ Հայրը՝ Ավետիք Սարգսյանն էլ պատմել էր առանձնատանը տեղի ունեցած ծեծի ու սպառնալիքների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG