Մատչելիության հղումներ

ՇՊՀ-ում բացահայտվել են գումարների յուրացման, խարդախության դեպքեր


Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյան
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյան

Դատախազությունը Շիրակի պետական համալսարանում բացահայտվել են խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր: Հարուցվել է քրեական գործ:

Սա, ըստ էության, Շիրակի համալսարանին առնչվող արդեն երկրորդ քրեական գործն է:

Այս անգամ բացահայտումը վերաբերում է նախկին ռեկտոր, այժմ Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդևան Գրիգորյանի պաշտոնավարման տարիներին:

Ըստ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ 2010 - 2012 ուսումնական տարում հայտնաբերվել է ավելի քան 463 մլն դրամի չարաշահում․ - «Նյութերի նախապատրաստման ընթացքում որևիցե տեղեկություններ ձեռք չի բերվել, թե նշված գումարները ինչ են արվել, որտեղ են ծախսվել: Նշված գումարները բուհի բյուջե մուտքագրելու վերաբերյալ որևիցե տվյալներ ձեռք չեն բերվել: Ունենք անձինք, ումից վերցրել ենք բացատրություններ: Այդ բացատրությունների ուսումնասիրությամբ չի հիմնավորվում, թե նշված գումարները ինչ է եղել, որտեղ է ծախսվել»:

Բացի այդ, ուսանողներից գումար է հավաքվել դիպլոմների տպագրության համար, այնինչ, ըստ մարզի դատախազի, բուհի բյուջեից այդ նույն նպատակով գումար է դուրս գրվել․ - «Կոնկրետ 2012-16 թվականների ընթացքում յուրաքանչյուր ուսանողից հավաքվել է 5000-5500 դրամ, խոսքը մոտ 20 միլիոն դրամի մասին է, դիպլոմների միջուկների տպագրության համար: Սակայն նյութերի նախապատրաստման ընթացքում փաստվել է, որ նույն նպատակով համալսարանի կողմից նույն չափի գումար է դուրս գրվել: Այսինքն, ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ նշված գումարները ենթադրաբար հավաքվել են ապօրինի»:

Բուհի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ փորձեցիք զրուցել: Նա նշեց, որ իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ու առայժմ կսահմանափակվի դրանով: Հայտարարությունում Վարդևան Գրիգորյանը գրել է․ - «Ես համոզված կարող եմ ասել, որ իմ աշխատած տարիների ընթացքում վերոնշյալ խախտումների մասին՝ մասնավորապես վարձավճարների դրամարկղ չմուտքագրվելու մասով որևէ շեղում կամ խախտումներ չէին կարող լինել»:

Դատախազությունում համալսարանի հետ կապված ևս մեկ նույթ է նախապատրաստվում: Մասնավորապես, ոստիկանության ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր միջին որակական գնահատական ունեցող այլ ուսանողի, որպեսզի վերջինիս խուսափի զորակոչից: Իսկ նշված հանցավոր արարքը քողարկելու նպատակով ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի հարցը, ինչը չի կատարվել:

Նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը զրպարտություն է որակում դատախազության հայտարարությունը և պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել․ - «Բնականաբար քննչական մարմինները կպարզեն իրողությունը: Սա ընդամենը զրպարտանք է, և այս բոլորի հետևում կանգնած է մեկ անձ՝ Սահակ Մինասյանը, որը փորձում է զուտ վրեժ լուծել, որ մենք լռենք ու չշարունակենք իր դեմ պայքարը իր կոռուպցիոն շղթաների բացահայտման ուղղությամբ: Իսկ մենք չեն լռելու, շարունակելու ենք մեր գործընթացը, և հասարակությունը համբերատար պետք է սպասի բոլոր բացահայտումներին: Այդ թվում՝ նաև այս քրեական գործի բացահայտմանը: Ես ինքս էլ հակընդդեմ հայցով հանդես կգամ: Նույն ուսանողուհին զրպարտության համար պետք է դատապարտվի»:

Շիրակի մարզի դատախազն ասաց, որ այս մասով արարքին դեռևս քրեաիրավական գնահատական տրված չէ:

Մեկ ամսի առաջ բուհի նախկին դասախոսների հաղորդման հիման վրա համալսարանի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ էր հարուցվել՝ «պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հատկանիշներով»: Այս գործով դեռ նախաքննությունը շարունակվում է, բազմաթիվ փորձաքննություններ ու ստուգումներ են նշանակված:

Գաբրիելյանն ասաց, որ եզրակացությունները ստանալուց հետո նոր միայն պաշտոնատար անձանց արաքին կտրվի քրեաիրավական գնահատական:

Ընդհանուր առամամբ այս տարվա 6 ամիսներին 42 կոռուպցիոն գործեր են հարուցվել Շիրակի մարզում, պետությանը պատճառված 80 մլն դրամից ավելի վնասից 36 միլիոնը, ըստ դատախազի, արդեն վերականգնվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG