Թիվն այսօր առաջին անգամ հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ խոսքը բացառապես հարկային պարտավորություններին է վերաբերում․ - «Հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը հիմա պետք է վճարվի: Այստեղ 42 միլիոն դոլարի մասին է գնում խոսքը երկու ամսվա ընթացքում: Սա շատ կարևոր ցուցանիշ է, և կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Երկու ամիս, որից կես ամիսը առնվազն ծախսվել է զուտ կազմակերպչական աշխատանքների վրա, այսինքն սա իրականում մեկ ու կես ամսվա ցուցանիշ է»:
Կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ այս թիվը պետությանը հասցված վնասի չնչին մասն է՝ վստահեցնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պետական բյուջե կվերադարձվի ավելի մեծ գումար․ - «Այս թիվը չի վերաբերվում ապօրինի հարստացման հետ կապված գործերին: Այս թիվը չի վերաբերվում յուրացումների և այլ կոռուպցիոն երևույթների հետ կապված գործերին, որոնք նույնպես իրենց ծավալներով չափազանց մեծ են: Իհարկե էս պրոցեսը շարունակվելու է, և մենք լրջագույն գումարներ վերականգնելու ենք, պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք, և ինչպես ասել եմ՝ մինչև վերջ ենք վերականգնելու և աննահանջ ենք վերականգնելու»:
Վերականգնված մոտ 42 միլոն դոլարի վնասը, ըստ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, պետությանը հասցվել է ընդամենը 73 տնտեսվարողի կողմից։ Առավել հնչեղություն ստացածները խոշոր սուպերարկետներն են, այդ թվում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթին», որտեղ, ըստ ՊԵԿ-ի, հայտնաբերվել էին հարյուրավոր անհատ ձեռներեցներ, որոնք խուսափել էին խոշոր հարկերից։
Պետությանը վնաս հասցրած ընկերություններից է նաև «Նորֆոլկ քնսալթինգը», որը, ըստ ԱԱԾ-ի, ՊԵԿ նախկին բարձաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ հանցավոր սխեմաներով մաքսազերծումներ է իրականացրել։
Պետական բյուջեում առայժմ վերականգնված 42 միլիոն դոլարը տեսանելի չէ, մուտք է արվել ընդամենը 800 միլիոն դրամ: Նիկոլ Փաշինյանն այսօր խնդրեց ՊԵԿ նախագահին պարզաբանել:
«Երբ որ մենք, օրինակ, «Նորֆոլկի» դրվագով ասում ենք, որ ունենք վերականգնում, պետք է էս պահին մի քիչ վերապահումով ասել, որովհետև վերականգնումը դեռևս չի նշանակում պետական բյուջեի անմիջական մուտք: Նշանակում է, որ վերականգնվել է ընկերության հաշվարկային հաշիվ և մուտքագրվելու է պետական բյուջե ակտի առկայության պայմաններում», - նշեց Անանյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց․ - «Այսինքն ընկերության ներկայացուցիչները իրենք էդ գումարը մուտք են արել իրենց իսկ ընկերության հաշիվ, որը կալանքի տակ է, գտնվում է Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո: Այսինքն էդ գումարը չի կարող որևէ տեղ կորել որևէ պարագայում: Հիմա ստուգումների արդյունքում երբ որ ակտը կվերջնականանա, այդ ակտի արդյունքում գումարը էդ մասնավոր ընկերության հաշվից, որը էսօր էլ փաստացի մեր հսկողության տակ է, փաստացի կտեղափոխվի պետական բյուջե»:
Հարկային չարաշահումների բացահայտումներից մուտքագրվող գումարները Կառավարությունը կտրամադրի համայնքներին։
«Շատ կարևոր է, որ իսկապես էս գումարները ծախսվեն մաքսիմալ արդյունավետ, որպեսզի մեր ժողովուրդը արդեն իրենց համայնքներում զգան փոփոխությունները: Որովհետև մթնոլորտի փոփոխություն, այո, մարդիկ տեսնում են, զգում են, կոռուպցիայի դեմ պայքարը տեսնում են, հիմա էս ամեն ինչի արտահայտությունը իրենք պետք է կարողանան տեսնել իրենց համայնքներում», - նշեց վարչապետը:
Կառավարություն այսօրվա նիստում Քննչական կոմիտեի նախագահ նշանակեց Հայկ Գրիգորյանին, ով կփոխարինի կառույցը շուրջ 4 տարի գլխավորող և այս տարվա հունիսի 11-ին հրաժարական տված Աղվան Հովսեփյանին։ Հայկ Գրիգորյանը մինչև այս նշանակումը զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։
Դիմելով նորանշանակ պաշտոնյային՝ Փաշինյանը շեշտեց, որ Կառավարության համար առաջնահերթություն է Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի ու հանցավորության դեմ պայքարը․ - «Մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում, չարաշահումների դեմ պայքարում մենք պետք է հարյուր տոկոսով ապահովենք օրինականությունը և իրավունքի գերակայությունը: Եվ բացառենք, որ որևէ այլ մեկնաբանություն Հայաստանի իրավապահ համակարգի գործողություններին հնարավոր լինի տալ»:
Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահն արձագանքեց․ - «Վստահեցնում եմ, որ մեր գործընկերների հետ միասին ամուր բռունցքով Ձեր վստահությունը արդարացնելու ենք, և որևէ կաշկանդվածություն չունենք»: