Մատչելիության հղումներ

Նախկին ոստիկանապետի եղբայրն ու եղբորորդին բռնություն են գործադրել անչափահասի և նրա հոր նկատմամբ


Ավետիք Սարգսյանը հիվանդանոցում:
Ավետիք Սարգսյանը հիվանդանոցում:

Կոտայք համայնքի մի խումբ բնակիչների պնդմամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու նրա որդին երեկ բռնություն են գործադրել 13-ամյա աղջկի նկատմամբ ու ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Անչափահաս Սոնան, ում հարազատներն այսօր Ֆեյսբուքում տարածել են միջադեպի տեսանյութը, պատմում է, որ Վարդավառի տոնին գյուղում ընկերների հետ խաղալիս, փոքր տարայով ջուր է լցրել տան դիմացով անցնող մի մեքենայի հետևից, որի վարորդը, ըստ գյուղացիների, եղել է նախկին ոստիկանապետի եղբայրը՝ նույն համայնքում առանձնատուն ունեցող Կարեն Գասպարյանը, արգելակելով մեքենան, մոտեցել է աղջկան, բռնել է մազերից ու փորձել գլուխը մտցնել մոտակա առվակի մեջ։

Տարածքում ներկա մեծահասակները մի քանի անգամ ներողություն են խնդրել, մինչդեռ Գասպարյանը, ըստ նրանց, շարունակել է հայհոյանքներ հնչեցնել։ Միջադեպից վախեցած երեխաները պատմում են, որ մեքենայում է եղել նաև Կարեն Գասպարյանի դուստրը, որը ձեռքում առկա էլեկտրաշոկով սպառնացել է իրենց։

Լսելով հայհոյանքները՝ Գասպարյաններին են մոտեցել նաև 13-ամյա Սոնայի հայր՝ Ավետիք Սարգսյանը։ Սկսվել է քաշքշուկ, մի քանի րոպե անց, տարածքում հավաքված գյուղացիրներին ի վերջո հաջողվել է հանդարտեցնել կրքերը: Միջադեպը, սակայն, այսքանով չի ավարտվել։ Նախկին ոստիկանապետի եղբայրն ու նրա որդին հաշտվելու պատրվակով Ավետիք Սարգսյանին քիչ անց հրավիրել են նույն գյուղում գտնվող իրենց առանձնատուն։ Ուղեղի ցնցումով հիվանդանոցում հայտնված Սարգսյանի խոսքով, բակ մտնելուց հետո Կարեն Գասպարյանը փակել է դարպասները ու իրեն ստիպել ծնկի գալ, ինչից հետո նրա որդին սկսել է հարվածներ հասցնել դեմքին։

«Ասեց՝ ես հաճույք եմ ստանում իմ դեմ ծնկի գան, մեկ էլ հաճույք եմ ստանում մարդ սպանելուց: Ստիպված երեխայի խաթրու ծնկի եմ եկել, որ բաց թողնեն: Ու դրանից հետո, ծնկի գալուց հետո նորից ինձ հարվածեցին: Վախացնելով՝ ընտանիքդ կվերացնենք, տունդ կտրաքացնենք, եթե մի այլ քայլ դիմես․․․ Հարվածողը Կարեն Գասպարյանի որդին էր: Իսկ ինձ սպառնացողը հենց Կարեն Գասպարյանն էր»:

Գասպարյանների հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց, նրանց առանձնատան դարպասները կողպված էին։ Առանձնատան պահակը, որը նույնպես ներկա էր եղել միջադեպին, հրաժարվեց խոսել:

Միջադեպի առթիվ առայժմ քրեական գործ չի հարուցվել, ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրեցին, քննություն է ընթանում:

Գասպարյանների առանձնատանը տեղի ունեցածին ականատես է եղել նաև Ավետիք Սարգսյանի 18-ամյա եղբոր որդին և համագյուղացի թոշակառու Շուրա Մելքոնյանը։ Վերջիններիս խոսքով, դարպասները փակելուց հետո, մոտ մեկ տասնյակ այլ անձինք են մոտեցել իրենց, իսկ Ավետիք Սարգսյանին ծնկի բերելու և ծեծելու ողջ գործընթացը Գասպարյանները կատարել են ընտանիքի կանանց ներկայությամբ։

Կոտայքի բնակիչները միջադեպի մասին տեղեկացրել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նրանք ասում են, որ չեն ցանկանում որ նախկին ոստիկանապետի եղբոր ընտանիքը վախի մթնոլորտում պահի գյուղը, պատրաստ են ամեն ինչով աջակցել իրավապահներին։

Իսկ հիվանդանոցում հայտնված Ավետիք Սարգսյանն ու նրա հայրը պնդում են, որևէ պարագայում հաշտության այլևս չեն գնա, բողոքից չեն հրաժարվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG