ՖԻՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի տեսանյութի կապակցությամբ: Այդ տեսանյութը համացանցում է հայտնվել երեկ՝ հուլիսի 7-ին, այն բանից հետո, երբ Խորվաթիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածներով հաղթեց Ռուսաստանի հավաքականին և դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
Տեսանյութում Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դոմագո Վիդան բղավում է «Փառք Ուկրաինային», մինչ իր թիմակից Օգնիեն Վուկոյեվիչը շարունակում է․ - «Այս հաղթանակը «Դիանմոյի» և Ուկրաինայի համար է, առաջ Խորվաթիա»:
Վիդան և Վուկոյեվիչը նախկինում միասին խաղացել են Կիևի «Դինամո» ակումբում:
Ավելի ուշ ռուսական «Սպորտ էքսպրես» թերթը հրապարակել է Վիդայի խոսքերը առ այն, որ տեսանյութը նախատեսված էր անձնական օգտագործման համար:
«Ֆուտբոլում քաղաքականություն չկա: Դա կատակ էր Կիևի «Դինամոյի» իմ ընկերների համար: Ես սիրում եմ ռուսներին և ես սիրում եմ ուկրաինացիներին», - ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել «Սպորտ էքսպրես»
Այդուհանդերձ, ՖԻՖԱ-ն կարող է պատասխանատվության ենթարկել Վիդային քաղաքական հայտարարության համար: