Մատչելիության հղումներ

Եվրոպական մի շարք ընկերություններ դադարեցնում են Իրանի հետ համագործակցությունը


KLM և Air France ընկերությունների օդանավերը, արխիվ
KLM և Air France ընկերությունների օդանավերը, արխիվ

Հոլանդական KLM ավիաընկերությունը օրերս հայտարարել է, որ դադարեցնում է թռիչքները դեպի Իրան «բացասական արդյունքների և ֆինանսական կանխատեսումների պատճառով»:

Ըստ ընկերության հայտարարության, վերջին թռիչքը դեպի Իրան կիրականացվի 2018 թվականի սեպտեմբերի 22-ին:

KLM-ը դադարեցրել էր թռիչքները նաև 2013-ին, վերականգնելով դրանք 2016-ին՝ Թեհրանի և գերտերությունների միջև միջուկային համաձայնագրի կնքումից և արևմտյան պատժամիջոցների մեղմացումից հետո:

Բեռնափոխադրումներով զբաղվող ֆրանսիական CMA CGM ընկերությունը ևս որոշել է դուրս գալ Իրանից՝ այդ երկրի հետ համագործակցող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-իհայտարարությունից հետո: Այդ մասին երեկ հայտարարել է ընկերության գործադիր տնօրենը:

Մայիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս 2015-ին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից և պատրաստվում է կրկին պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ:Ամերիկացի պաշտոնյաները հայտարարեցին, որ պատժամիջոցներ կկիրառվեն նաև Իրանի հետ համագործակցող պետությունների և ընկերությունների նկատմամբ:

«Ինչ վերաբերում է միջուկային համաձայնագրին, ապա եվրոպացիները մշտապես բարի կամք են ցուցաբերել, բայց ի վերջո, պրագմատիկ որոշումներ և քայլեր են անհրաժեշտ», - Վիեննայում ԵՄ-ի ղեկավարների հետ հանդիպումից հետո կառավարության անդամներին ասել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Անցյալ ամիս Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատարը, ինչպես նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան կոչ արեցին ԱՄՆ-ին պատժամիջոցներ չկիրառել Իրանի հետ առևտրով զբաղվող ԵՄ ընկերությունների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG