Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյանը «որոշակի միտում» է տեսնում իրավապահների գործողություններում


Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը խորհրդարանում այսօր մասնակցում էին նաև Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին այսօր զարմացրեց իր պաշտոնավարման ընթացքում բանակից յուրացումների կամ չարաշահումներ վերաբերյալ հարցը:

Վիգեն Սարգսյանը 2016 թվականի հոկտեմբերից մինչև թավշյա հեղափոխությունը զբաղեցնում էր Պաշտպանության նախարարի պաշտոնը։ Շաբաթներ առաջ, ԱԱԾ բանակից յուրացումներ կատարելու փաստով երկու աղմկահարույց քրեական գործ հարուցեց։

Նախ կալանավորվեց գեներալ Մանվել Գրիգորյանը, որին պատկանող տարածքներից մեծ քանակությամբ զինվորին հասանելիք մսի պահածոներ էին հայտնաբերվել: Իսկ մոտ տասն օր առաջ էլ ԱԱԾ-ն հայտարարեց, որ Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, մի շարք բարձրաստիճան զինվորականներ վառելիք ու պահեստամասեր են յուրացրել։

Վիգեն Սարգսյանն այսօր ասաց․ - «Թողեք գործընթացը ամեն մեկը իրա ճանապարհով գնա»:

Երեկ աղմկահարույց բացահայտման մասին հայտնեց նաև Հատուկ քննչական ծառայությունը՝ մեղադրանք առաջադրելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանին, այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար։

Վիգեն Սարգսյանի հետ այսօր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը խորհրդարանում մասնակցում էր նաև մեկ այլ ղեկավար ՀՀԿ-ական՝ Դավիթ Հարությունյանը։ Արդարադատության նախկին նախարարը հակասահմանադրական որակեց Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը՝ ընգդծելով այն հանգամանքը, որ նախկին նախարարին առաջադրված հոդվածը ուժի մեջ է մտել 2009 թվականից, այսինքն ենթադրյալ հանցանքը կատարելուց հետո և այն հետադարձ ուժ չի կարող ունենալ։

«Այս շտապողականությունը, որի արդյունքում խախտվում է Սահմանադրությունը, դա անթույլատրելի է: Ես ցավով եմ դա նշում, և հույս ունեմ, որ այսօր մեր իրավապահ մարմինները ավելի աչալուրջ կվերաբերվեն իրենց կատարած աշխատանքին, որովհետև նմանատիպ աշխատանքով նրանք արժեզրկում են մյուս աշխատանքը», - հավելեց Հարությունյանը:

ՀՔԾ-ի պետ Սասուն խաչատրյանը, մինչդեռ, համամիտ չէ այս տեսակետին, նրա խոսքով Միքայել Հարությունյանի արարքը քրեորեն հետապնդելի է եղել թե՛ 2008 թվականի և թե՛ 2009 թվականին փոփոխված Քրեական օրենսգրքով։

Անդրադառնալով իրավապահների կողմից այլ բացահայտումներին՝ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր նաև իրավապահների այլ բացահայտումներին՝ հայտարարելով, թե այդ գործողություններում որոշակի միտում է տեսնում․ - «Նպատակասլաց որոշակի անձանց դեմ կատարվող աշխատանք ակնհայտորեն տեսնում եմ: Ճիշտն ասած, որոշ բաներ դա հուշում են: Ենթադրենք, օրինական զենքը վերցնել, որ փորձաքննություն իրականացվի: Զուտ որպես համակարգին ծանոթ մարդ, ինձ համար սա տարակուսանք է առաջացնում, որովհետև յուրաքանչյուր օրինական զենքի կրակոցները, փամփուշտները պահվում են բազայում, և նոր փորձաքննության կարիք չկա»:

«Ազատության» հարցին, թե արդյոք քաղաքական հետապնդման տարրեր տեսնում է, Հարությունյանն արձագանքեց․ - «Ես գնահատականս կտամ, երբ մի քիչ ավելի պրոցեսները զարգանան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG