Լոռու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ փոխմարզպետն այսօր մեղադրեց «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող մարզպետին՝ պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ և իրավապահներին կոչ արեց ուսումնասիրել, թե որքանով են իրավաչափ մարզպետի գործողությունները։
Ընդամենը 3 օր առաջ կառավարության որոշմամբ փոխմարզպետ նշանակված Անդրեյ Ղուկասյանը, մասնավորապես, պնդում է՝ մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի առողջապահության վարչության պետի հետ Սպիտակի ու մարզի մի քանի այլ բնակավայրերի բուժկենտրոնների տնօրեններից պահանջում է աշխատանքից ազատվելու դիմումներ գրել՝ նրանց փոխարեն իր կուսակիցներին կամ նրանց հարազատներին նշանակելու նպատակով։
«Էսպես ասած՝ փորձել են ճնշել տնօրենին, նպատակն այն է եղել, որ տնօրենը հրաժարականի դիմում ներկայացնի ու նրա տեղում նշանակվի Վանիկ Ասատրյանի փեսան»,- լրագրողներին հայտնեց ՔՊ-ական փոխմարզպետը: Վանիկ Ասատրյանը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է, ով նախկինում եղել է Սպիտակի քաղաքապետ։ «Կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ զբաղվել այդ հարցով, որովհտև էդտեղ կա պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված խնդիր»,- շարունակեց Ղուկասյանը:
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն «Ազատությանը» տված հարցազրույցում հերքեց իր տեղակալի պնդումները՝ իր հերթին Ղուկասյանին մեղադրելով իր աշխատանքը խանգարելու մեջ․ «Ես գործով եմ զբաղված, ի՞նքն ինչով ա զբաղված: Խանգարելո՞վ»:
Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը հաստատեց. դիմում գրելու և պաշտոնը զիջելու պահանջ մարզպետի անունից եղել է։ «Ինքն անձամբ ինձ չի ասել, ինքն ասել ա վարչության պետի միջոցով: Իսկ էդ պահանջը, ես ինչքան հասկացա, ներկայացրել ա մեր պատգամավորը՝ Վանիկ Ասատրյանը»,- ասաց Արսեն Մկրտչյանը: Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենը նշեց նաև, որ ինքը չի ընդունել պահանջը, ինչից հետո մարզպետն այցելել է հիվանդանոց, իր բացակայությամբ փակ հանդիպում ունեցել կոլեկտիվի հետ և այլևս իր առջև նման պահանջ չի դրվել:
Լոռու Փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով մասնագիտությամբ բժիշկ-ատամնաբույժ է, այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց նաև, որ երեկ մարզպետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ երկու փոխմարզպետների հետ է հանդիպել, նշել այն ոլորտները, որոնցով պետք է նրանք զբաղվեն։ Ըստ Ղուկասյանի, իրենց վստահվել է առկա բոլոր ոլորտների 10 տոկոսը միայն։ Փոխմարզպետի համար տարօրինակ է այն, որ մարզպետն իրեն չի վստահել առողջապահության ոլորտը, որի մասնագետն է ինքը և լիովին տիրապետում է եղած խնդիրներին։
«Պատասխանելով իմ այն հարցին, թե ինչու, օրինակ, առողջապահությունն ինձ չի տրամադրվել, հղում արեց օրենքին, որ օրենքով դա մարզպետն է որոշում և մարզպետն է իրավասու բաժանումը կատարել»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը: Մարզպետն իր հերթին նշում է՝ այստեղ անվստահության խնդիր չկա։ Պարզապես ամենակոռումպացված ոլորտը պահում է իր ձեռքում։
Փոխմարզպետը, մինչդեռ, ասում է՝ մարզպետ Հրանտ Մարգարյանը պարբերաբար փակ հանդիպումներ է անցկացնում տարբեր ոլորտի աշխատակիցների հետ, ինչը կասկածների տեղիք է տալիս։ Հնարավոր է, որ փակ հանդիպումներում աշխատողներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու հրահանգներ են տրվում, չբացառեց Անդրեյ Ղուկասյանը։ Նա ասաց նաև, որ պարբերաբար բարձրաձայնելու է ցանկացած խնդիր, անկախ նրանից՝ ով է մեղավորը։ Նաև մատնանշեց՝ մարզպետն ունի երկու ծառայողական մեքենա, ինչը «շքեղություն է մարզի համար»։
Ի դեպ՝ փոխմարզպետի ասուլիսից հետո տեղեկացանք, որ Լոռու ճանապարհային ոստիկանությունը վարչական տուգանքի է ենթարկել մարզպետի վարորդին՝ ծառայողական մեքենան արգելված տեղում կայանելու համար։