Հայաստանի պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների համար շրջայց էր կազմակերպել սահմանային այդ տեղանք։ Արենի գյուղին հարակից մոտ 1500 մետր բարձունքից մայոր Անդրանիկ Ծատուրյանը, ցուցադրելով Ադրբեջանի առաջխաղացումը, վստահեցրեց, որ ձեռնարկված պատասխան քայլերի արդյունքում հակառակորդը ըստ էության հայտնվել է շրջափակման մեջ։
«Մենք էս պահին գտնվում ենք 1450 մետր բարձրության վրա, որտեղ տեղակայված են մեր դիրքերը: Նրանք եկել են մեր թիկունքային հատվածում բարձունքների վրա ուղղակի մի քանի կրակակետեր են դրել, որը էական ոչ մի նշանակություն չունի մեր խաղաղ բնակչության համար: Ինչ իրավիճակ էլ որ զարգանա, մենք պատրաստ ենք էս պահին կոնկրետ էս դիրքից ճնշելու հակառակորդի տեղակայած կրակակետերը»:
Անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոտ 30 րոպե տևողությամբ տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով, թե շուրջ 11 հազար հեկտար հայկական տարածք է գրավել, տեղակայել նոր դիրքեր, դրանց համար կառուցել 50 կմ ճանապարհ։
«Ադրբեջանի առաջխաղացումը բացառապես սեփական տարածքում է եղել», - պնդում են տեղում ծառայություն իրականացնող զինվորականները:
«Նենց չի, որ իրանք ինչ-որ մի դիրք մեզնից գրավել են, ու մենք դրա համար ինչ-որ այլ գործողությունների ենք դիմում: Ոչ մի դիրք մենք բաց չենք թողել մեր պահվող դիրքերից, բոլոր դիրքերը իրանց տեղում են: Ուղղակի ավելացրել ենք դիրքեր», - ասաց մայոր Ծատուրյանը:
Նրա խոսքով, հակառակորդի առաջխաղացումը դժվարություններ չի ստեղծել: Ավելին, ըստ զինվորականի, հայկական դիրքերի վերադասավորման արդյունքում վերահսկողության տակ ավելի մեծ ծավալով տարածքներ են հայտնվել ու ադրբեջանական զինուժի գործողությունները, մարտավարական առումով ի վնաս իրենց են աշխատել․ - «Ցանկացած շարժի ժամանակ կարող ենք հակառակորդի այդ կրակակետերը ճնշել: Մենք մի քանի ուղղությունից կարում ենք նրանց ուղղությամբ կրակ վարենք»:
Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը, այդուհանդերձ, սահմանային Արենի գյուղում մտավախության պատճառ է դարձել։ Հակառակորդի զինուժն արդեն անզեն աչքով տեսանելի է այգիներից ու վարելահողերից:
Գյուղացիներն ասում են, որ բերքին ոչ բոլորն են պատրաստ մոտենալ․ - «Տրակտորիստին խնդրում են, ասում են՝ արի իմ խոտերը քաղի, ասում ա՝ ես վախենում եմ»:
Ըստ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութի, առաջխաղացած նոր դիրքերից ուղիղ նշանառության տակ են հայտնվել հայկական մի շարք համայնքներ, վարելահողեր, ինչպես նաև այդ ուղղությամբ Երևանը Ստեփանակերտին կապող միակ ռազմավարական նշանակության ճանապարհը։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, վերլուծելով տեղանքը, վստահեցնում է՝ Ադրբեջանի հրաձիգային զինատեսակները անհասանելի են հայկական գյուղերի համար․ - «Դուք տեսնում եք, որ ոչ մի հրաձգային զենքի հեռահարություն իրենց չի բավականացնելու Արենիի ամենահեռավոր տներին կամ այգիներին որևէ վնաս պատճառելու: Առավել ևս՝ միջպետական ճանապարհը, որ իրենց ցուցադրում էին, ավելի հեռու է գյուղից, ավելի անհասանելի է իրենց հրաձգային որևէ զինատեսակի համար»: