Մատչելիության հղումներ

Գերմանացի թարգմանիչը հրատարակության է պատրաստում Նարեկացու «Մատյան ողբերգությանը»


Անկախության առաջին իսկ տարիներից աստիճանաբար սկսեցին աշխուժանալ հայ-գերմանական գրական կապերը, որոնց շնորհիվ այս ժամանակահատվածում թարգմանաբար բազմաթիվ գրքեր ու անթոլոգիաներ հրատարակվեցին թե Հայաստանում, թե Գերմանիայում:

2012 թվականին հրատարակվեց ժամանակակից գերմանացի բանաստեղծների ժողովածուն հայերեն և ժամանակակից հայ բանաստեղծների ժողովածուն գերմաներեն: Գերմանիայում այս տարիների ընթացքում հայ թե՛ դասական, թե՛ ժամանակակից գրականությունը թարգմանաբար ներկայացրել են հայ և գերմանացի հեղինակներ, որոնց շարքում է և գերմանացի ժամանակակից արձակագիր, թարգմանիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հալլեում բնակվող Վիլհելմ Բարչը, որի հետ վերջերս հանդիպում էր կազմակերպված ՀԳՄ-ում:

2015-ին էլ, ի դեպ, գերմանացի թարգամանիչը Արցախում է մասնակցել Պոեզիայի փառատոնին:

ՀԳՄ և Գերմանիայի Սաքսոնիա- Անհալթ երկրամասի Ֆրիդրիխ Բոդեկեր գրական խմբակցության համագործակցության շնորհիվ 2015 թվականին հրատարակվեց Մեծ Եղեռնին զոհ գնացած բանաստեղծների ժողովածուն գերմաներեն: Ժողովածուի շնորհանդեսներին գերմանական տարբեր քաղաքներում որպես թարգմանիչ մասնակցել է նաև Վիլհելմ Բարչը: Նա այդ ժողովածուի համար թարգմանել է Սիամանթոյի որոշ ստեղծագործություններ, որոնք հետագայում հայ այլ բանաստեղծների ստեղծագործությունների գերմաներեն թարգմանության հետ հրատարակեց առանձին գրքով:

Ուշագրավ է, որ գերմանացի արձակագիրը նաև Եղեռնից մազապուրծ ամերիկահայերի մասին «Ամերիկաց» խորագրով վեպ է գրել և հրատարակել Գերմանիայում: Գիրքը հայերեն է թարգմանել Ամալյա Ալեքսանյանը, բայց թարգմանությունն առայժմ հրատարակված չէ: Չեն կարողացել մշակույթի նախարարության միջոցով հրատարակության համար ֆինանսներ հայթայթել, հույս ունեն՝ նոր նախարարն այս հարցի անտարբեր չի մնա:

«Այդ գործը ստանձնել է Վիլհելմ Բարչը: Ես ինչ֊որ չափով մտածում էի՝ ի՞նչ խիզախություն պիտի լինի՝ տարբեր լեզուների զուգորդմամբ, նաև Հայաստանը լավ ճանաչելով, Նարեկացու «Մատյանը» ներկայացնել գերմաներեն», - շեշտում էր ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Վիլհելմ Բարչի կատարած հսկայական աշխատանքի մասին խոսելիս՝ Ամալյա Ալեքսանյանն էլ ընդգծում էր․ - «Նրա մոտ այնքան մեծ է նվիրումը մեր գրականությանը և կոնկրետ Նարեկացու ստեղծագործությանը, որ դա կարծես թե ինքնաբուխ հորդում է»:

Իսկ ինքը՝ հեղինակը շեշտեց, որ «Մատյանի» թարգմանությունը նախաձեռնել է այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ Հռոմի պապը Նարեկացուն «Տիեզերական վարդապետ» է հռչակել և այդ ժամանակվանից տարվել է նրա փիլիսոփայական, աստվածաբանական և բանաստեղծական հզոր հանճարով: Վիլհելմ Բարչն ասում էր, որ իրեն մինչև հոգու խորքը ցնցել է այն փաստը, որ դեռ 1000 տարի առաջ հայ բանաստեղծը՝ Գրիգոր Նարեկացին, իր վրա է վերցրել մարդկանց մեղքերը և ցույց տվել դրանցից մաքրվելու հոգևոր ուղին:

Վիլհելմ Բարչը վստահ է, որ իր կատարած թարգմանությունը հոգեհարազատ կլինի Նարեկացու ոգուն:

Հավելենք, որ սա Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի գերմաներեն առաջին թարգմանությունն է և կհրատարակվի շատ շուտով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG