Մատչելիության հղումներ

«Էլլիպսի» ներկայացուցիչը հերքում է 1 միլիարդ դրամից ավելի գումար հափշտակելու մասին պնդումը


Արագաչափերի և տեսախցիկների վերահսկմամբ և տեղադրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավելի գումար են հափշտակել: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում երկու օր առաջ կատարած հատուկ գործողություններից հետո։

«Էլլիպսը» զբաղվում է անվտանգության սարքերի տեղադրմամբ, իսկ անվտանգության համակարգերի շահագործումը՝ խախտումների հայտնաբերում, տեսանյութերի առանձնացում, մշակում, Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում է «Սեքյուրիթի դրիմը»:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության կողմից ստեղծված արագության վերահսկման մշտադիտարկման համակարգերի սպասարկումն իրականացնելու համար «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլլիպս» ընկերության հետ՝ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ: Մասնավորապես, անցած տարի կնքված պայմանագրով կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ճանապարհային ոստիկանություն: Արդյունքում՝ հափշտակվել է 1 միլիարդ 15 միլիոն դրամից ավելի գումար:

Հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի խարդախության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով: Ոստիկանությունը գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, ձերբակալվածներ այս պահի դրությամբ չկան:

Ընկերության փաստաբան, «Էլլիպս» ընկերության տնօրենի խորհրդական Արամ Ղլեչյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ որևէ իրավախախտում, հանցագործություն, գումարների հափշտակում չկա և չի էլ կարող լինել։ Ասաց՝ մինչև վերջին դրամը կարող են ցույց տալ, թե որտեղ են այդ գումարները ծախսվել։ Իսկ ոստիկանության հայտարարությունը, թե 1 միլիարդ դրամից ավելի գումար է հափշտակվել, նա անհեթեթություն որակեց․ «Մեր հարգելի ոստիկանությունը եթե պնդում է, որ էս գումարը հափշտակվել է, յուրացվել է, ստացվում է, որ ամեն ինչ, որը եղել է սպասարկման տեսքով, երբեք չի եղել..»:

Արամ Ղլեչյանի խոսքով՝ ոստիկանությունը շտապողականություն է դրսևորել, և իրենք ունեն բավարար փաստաթղթեր՝ ապացուցելու իրենց անմեղությունը: Նա պնդեց նաև, որ 15 ամիսների ընթացքում վճարված աշխատավարձից անհրաժեշտ չափով եկամտահարկ է փոխանցվել, և «ամբողջի նվազեցման արդյունքում» մնացորդը կազմվել է 621 միլիոն դրամ: «Հետևաբար՝ ոչ թե մեկ միլիարդը, այլ 621 միլիոնը կարող են քննարկման առարկա դարձնել: Այս 621 միլիոնից, բնականաբար, վճարվել է շահութահարկ՝ «Էլլիպս» ընկերության կողմից»,- ասաց Ղլեչյանը։

«Սեքյուրիթի դրիմը» կապվում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ: Ավելին՝ ԱԺ-ում իր նախկին ելույթներից մեկում ներկայիս վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ըստ օդում կախված լուրերի, «Սեքյուրիթի դրիմն» ուղիղ կապ ունի Սարգսյան ընտանիքի հետ»: Սակայն Ղլեչյանը պնդում է՝ նախկին նախագահի եղբայրը բնավ կապ չունի ընկերության հետ:

«Եթե դա նախկին նախագահի եղբոր հետ է կապված, ուրեմն որոշ ժամանակ առաջ եղել է հովանավորչություն: Մեր մասնակցի՝ հիմնադիրներից մեկի անունն էլ որոշակի շրջանակներում Սաշիկ է, բայց նրանք նույն մարդիկ չեն, ոչ մի կերպ»։ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, Ալեքսան Զաքարյանն է: Վերջինս օրեր առաջ մեկնել է Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG