Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության դիմակավորված աշխատակիցներն այսօր ստուգումներ են իրականացրել արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունում: Այս տեղեկությունը հաստատել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Գործողություններն առնչվել են, մասնավորապես, Հայաստանի ճանապարհներին տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները վերահսկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործունեությանը: «Էլլիպսը» զբաղվում է անվտանգության սարքերի տեղադրմամբ, իսկ անվտանգության համակարգերի շահագործումը՝ խախտումների հայտնաբերում, տեսանյութերի առանձնացում, մշակում, Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմը»:
Ընկերության փաստաբան, «Էլլիպս» ընկերության տնօրենի խորհրդական Արամ Ղլեչյանն ասաց, որ ստուգումներն իրենց համար անսպասելի չէին․ մի քանի օր առաջ ևս ոստիկանները «Սեքյուրիթի դրիմ» էին այցելել: Համոզված են՝ օրենքը չեն շրջացել, չեն խախտել: Ղլեչյանն ասաց՝ ենթադրյալ հանցագործության կատարման դեպքի վայրում զննություն է կատարվել, ապա պնդեց՝ որևէ հանցագործություն իրենց մոտ «չի կատարվել և չէր էլ կարող կատարվել»:
Հայաստանի ճանապարհներին տեղադրված արագաչափերով ու տեսախցիկներով զբաղվող «Սեքյուրիթի դրիմը» կապվում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ: Ավելին՝ ԱԺ-ում իր նախկին ելույթներից մեկում ներկայիս վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ըստ օդում կախված լուրերի, «Սեքյուրիթի Դրիմն» ուղիղ կապ ունի Սարգսյան ընտանիքի հետ»:
Ղլեչյանը դա «թյուրիմացություն» որակեց, ասելով՝ ընկերության սեփականատերերից մեկի անունը նույնպես Ալեքսան է, և տարիներ շարունակ իրենք այդպես էլ չկարողացան հանրությանը համոզել, որ նրանք տարբեր մարդիկ են:
Ընկերության տնօրենը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, Ալեքսան Զաքարյանն է: Վերջինս օրեր առաջ մեկնել է Հայաստանից: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ստուգումներն այդ ամենի հետ կապ չունեն: