Մատչելիության հղումներ

Ստեղծվել է վարչապետին առընթեր՝ ԸՕ բարեփոխման հանձնաժողով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ընտրական օրենսդրությունը բարեփոխելու՝ վարչապետին առընթեր հանձնաժողով։ Մասնագիտական խումբը քաղհասարակության և քաղաքական ուժերի հետ քննարկումներից հետո վարչապետին կներկայացնի Ընտրական օրենսգրքի ու ընտրությունների կազմակերպմանն առնչվող օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը։

Հանձնաժողովը գլխավորում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քարտուղար է նշանակվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Թեև հանձնաժողովը պաշտոնապես նոր է ստեղծվել, սակայն նախատեսված աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Իոաննիսյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առաջին նախագիծը հաջորդ շաբաթ կդրվի շրջանառության մեջ․ կառավաության համար հիմնական ու սկզբունքային փոփոխությունը, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգի վերացումն է։

«Լինելու է փակ, համամասնական, բոլորին հասկանալի, պարզ ընտրակարգ: Քվեախցիկում գրիչ չի լինելու: Ի վերջո, գոնե խորհրդարանական ընտրությունների պարագայում, ավարտվելու են քննարկումները՝ կապված կանաչ, կապույտ, թե կարմիր գրիչների հետ, վանդակի մեջ է, վանդակի մեջ չի և այլն: Այդ ամենը դուրս է գալու, ընտրողն ընդամենը իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը դնելու է ծրարի մեջ»,- պարզաբանեց Իոաննիսյանը:

Տեղամասերում առկա տեսախցիկներն ու էլեկտրոնային նախագրանցման համակարգերը կշարունակեն գործել։ Որպես կրկնաքվեարկությունները կանխելու լրացուցիչ միջոց՝ կառավարությունը ցանկանում է ներդնել մատերի անգույն թանաքոտման համակարգ։ «Դա չի մաքրվում, բավական արդյունավետ միջոց է՝ կրկնաքվեարկություններն իսպառ բացառելու առումով»,- ասաց հանձնաժողովի քարտուղարը:

ԸՕ փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ կդրվի կառավարության և քաղհասարակության անունից։ Իոաննիսյանը վստահեցնում է՝ յուրաքանչյուր փոփոխվող դրույթ քննարկվել ու համաձայնեցվել է ոչ միայն հասարակական կազմակերպությունների, այլև խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ։

Հանձնաժողովի քարտուղարը, նաև կառավարության մի շարք անդամներ կիրակի կլինեն Վենետիկում, որտեղ, ըստ Իոաննիսյանի, համանուն հանձնաժողովին կներկայացվի մինչ այժմ մշակված փոփոխությունների նախագիծը։ Ի դեպ՝ Հանրապետական կուսակցությունը նույնպես պատրաստակամ է խորհրդարանական ուժերի հետ փոփոխությունների նախագիծ մշակել։ «Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և դրանց լուծումներ տալու անհրաժեշտությունը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկությամբ, խորհրդարանում ներկայացված 4 ուժեր կստեղծեն աշխատանքային խումբ` Յուրաքանչյուր խմբակցություն կունենա երեքական ներկայացուցիչ»,- նշված է խորհրդարանական բոլոր չորս ուժերի՝ այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ:

Դրանում ասված է նաև, թե պատրաստակամ են համագործակցել կառավարության աշխատանքային խմբի հետ։ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ռեյտինգային ընտրական համակարգի վերացումն այլընտրանք չունի: «Մենք փորձում ենք մոտեցնել մեր տեսակետները, ընդհանուր կոնսենսուս կա գրեթե բոլոր հարցերի շուրջ, և առաջին իմնական հարցը ռեյտինգային, այն է՝ տարածքային ընտրացուցակների չեղարկումն է»,- ասաց Զոհրաբյանը:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ըստ կառավարության, նախաձեռնվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով, սակայն դրա ժամկետների վերաբերյալ դեռ հստակություն չկա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրում արտահերթ ընտրություններ նախատեսվում է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ընտրական օրենսդրությունը բարելավելուց հետո ճիշտ կլինի որոշակի ժամանակ տալ քաղաքական ուժերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG