Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ինքը՝ Օհանյանը:

«Ազատության» հարցին՝ ինչի՞ շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ - «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Այն առնչվում էր բանակի գործունեությանը»:

Պետական եկամուտների կոմիտեն մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ 2014-ից 2017-ի ընթացքում Պաշտպանության նախարարությունում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան երկու զինվորականի, նրանք չեն կալանավորվել:

Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ բանակում չարաշահումների այդ գործով հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև այդ տարիներին պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը: Նախկին նախարարի հարցաքննության մանրամասներ ՊԵԿ-ից ևս այսօր չհաղորդեցին:

Ապրիլյան պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը երեկ «Ազատության» հետ զրույցում վստահեցրել էր՝ ինքը տեղյակ չի եղել, որ քառօրյայի ժամանակ բանակին ուղարկված օգնության մի մասը ոչ թե առաջնագիծ է գնացել, այլ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատուն: Օհանյանը պնդել էր, որ նաև Ղարաբաղի իշխանությունները պետք է պարզաբանեն, թե ինչ ճանապարհով կարող էր յուրացվել բանակի ունեցվածքը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ ինքը մեղադրանքների սլաքը ղարաբաղյան իշխանությունների վրա ուղղելու նպատակ չի ունեցել․ - «Իհարկե՝ միանշանակ ոչ: Այդտեղ պետք է պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք իրականում տեղյակ են եղել այդ ամեն ինչից կամ էլ տեղյակ չեն եղել»:

Շարունակելով պարզաբանել իր երեկվա հայտարարությունները՝ պաշտպանության նախկին նախարարը նշեց․ - «Պետք է պարզել՝ նշված նյութական միջոցները որտեղի՞ց են իրենք ստացել, արդյոք Արցախից կամ Հայաստանի Հանրապետությունից: Արդյոք ճանապարհից են հետ վերադարձվել և կամ Արցախում են իրենք դրանք ստացել և հետ վերադարձվել, քանի որ այդ մեքենաները չէին կարող լինել պաշտպանության նախարարությանը, եթե հաշվառված լինեին, միանշանակ դրանք պետք է լինեին պաշտպանության նախարարությունում»:

Ղարաբաղյան կողմից Օհանյանի հայտարարությունը «անհասկանալի» էին որակել, իսկ արդեն այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատությանը» ասաց, որ անհրաժեշտության դեպքում ղարաբաղյան կողմը պատրաստ է աջակցել գործի քննությանը․ - «Այստեղ պետք է իրենց մասնակցություն ունենան բոլոր այն անձինք, ովքեր կարող են օգնել իսկությունը պարզաբանելու՝ առանց շահարկումներ կատարելու»:

Իրավապահներն այսօր հաղորդեցին, որ «զինվորի բաժին» հանդիսացող պահածոներ հայտնաբերվել են նաև գեներալ Մանվել Գրիգորյանի՝ ղարաբաղյան առանձնատանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG