Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային ժողովի պատգմավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Մանվել Գրիգորյանը կալանքի տակ կմնա երկու ամիս:
Գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց շաբաթ օրը: Իրականացված խուզարկությունների արդյունքներով կիրակի օրը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել: