Մատչելիության հղումներ

«Պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք որ անմիջապես բաշխում են իրականացնում». Սեյրան Օհանյան


Ապրիլյան պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը վստահեցնում է՝ ինքը տեղյակ չի եղել, որ քառօրյայի ժամանակ բանակին ուղարկված օգնության մի մասը ոչ թե առաջնագիծ է գնացել, այլ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատուն:

Այսօր «Ազատության» հետ զրույցում պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ ինքը մեծ ցավ է ապրել՝ տեսնելով գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության բացահայտումը․ - «Ես անձամբ ցավ եմ ապրում, որովհետև, ի վերջո, այդ ամեն ինչը տարվել է մեր զինվորից և նաև այնտեղ՝ հատկապես երեխաների նամակների առկայությունը, որոնք իրենց սիրտն ու հոգին էին բացել մեր զինվորների առջև»:

Բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ և համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացրել...
Սեյրան Օհանյան

Ութ տարի՝ մինչև 2016 թվականի հոկտեմբերը, պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Օհանյանը չբացառեց, որ իր ղեկավարման ժամանակ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ լինեն ներգրավված բանակի միջոցները Մանվել Գրիգորյանին տրամադրելու գործում․ - «Իհարկե՝ տեղյակ չեմ եղել դրա մասին, բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ և համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացրել: Դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից: Թե ինչպես է դա հայտնվել իրենց կառույցներում, իրենց տանը՝ դրա համար պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք որ անմիջապես բաշխում են իրականացնում ստորաբաժանումների և զորամասային օղակներում և, իհարկե, այն մարմինները, որոնք պետք է համապատասխան վերահսկողություն իրականացնեն»:

Մանվել Գրիգորյանը Արցախի հերոսի կոչումը ստացել է ոչ թե հենց այնպես․․․ ինքը դրա համար ունի մեծ ներդրում...
Սեյրան Օհանյան

Ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, ինչպես նաև բանակից յուրացումներ ու հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանն ունի Արցախի հերոսի կոչում: Այս պատվին է արժանացել նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Արդյո՞ք Մանվել Գրիգորյանի անունը պետք է մնա Ղարաբաղի հերոսների ցանկում, հարց ուղղեցինք նախկին նախարարին: - «Իրավական գործընթացը թող անցնի՝ հետագայում կան մարմիններ, որոնք որ որոշումներ կընդունեն», - նշեց Օհանյանը, - «Ինքը այդ կոչումը ստացել է ոչ թե հենց այնպես, այդ կոչումն ինքը ստացել է պատերազմին մասնակցելու համար և ինչքան ես տեղյակ եմ և նաև համընկել են այդ գործողությունները՝ ինքը դրա համար ունի մեծ ներդրում»:

«Պետք չի շահարկել»

Արդեն երկու տարի ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալած Սեյրան Օհանյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք կան այլ գեներալներ կամ բարձրաստիճան զինվորականներ, ովքեր կարող են բացահայտումների թիրախ դառնալ․ - «Պետք չի անընդհատ շահարկել՝ գեներալներ... որովհետև սկսած 2008 թվականից և այնուհետև, այդ մարդիկ բանակում չեն: Բանակում այսօր ծառայում են գեներալներ, որոնք մեծ արժանիքներ ունեն և այսօր էլ իրենց առջև դրված խնդիրները բավականին բարձր մակարդակով են իրականացնում»:

Շուրջ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ բանակում 2014-ից 2017 թվականներին տեղի ունեցած չարաշահումների գործով Պետական եկամուտների կոմիտեն հարցաքննության է հրավիրել այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG