Մատչելիության հղումներ

Գրիգորյանի փաստաբանների պնդմամբ՝ գեներալը ոչ մի բանից տեղյակ չի եղել


ԱԱԾ-ի կողմից Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված խտացրած կաթը, արխիվ
ԱԱԾ-ի կողմից Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված խտացրած կաթը, արխիվ

Պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի ընդունում իր հասցեին հնչեցված որևէ մեղադրանք, պնդելով, թե զարմացած է իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ-ի կողմից տարբեր ապրանքներ հայտնաբերելու հանգամանքից, նաև պնդում է, որ ոչ մի առնչություն չունի դրանց հետ: Այսօր այս մասին հայտարարեցին ձերբակալված գեներալի փաստաբաններ Կարեն Քամալյանն ու Արայիկ Ալվանյանը, հավելելով, որ Գրիգորյանն այս մասին նաև ցուցմունք է տվել։

«Ավելացրել է նաև իր ցուցմունքներում, որ նշված տարածք նա այցելում է հազվադեպ, ասենք՝ տարին 2-3 անգամ: Իսկ ինչ վերաբերում է այն տարածքին, որտեղից հայտնաբերվել են նշված ապրանքները, բանալիներն ընդհանրապես իր մոտ չեն եղել»,- ասաց Կարեն Քամալյանը: Փաստաբան Արայիկ Ալվանյանն էլ նշեց․ «Դա վերահսկվել է ԵԿՄ-ի կողմից, բայց ոչ թե Մանվել Գրիգորյանի կողմից։ Դրանք գործառույթներ են, որ պիտի ստուգվի։ Բոլորին, հայ ժողովրդին, անձամբ ինձ, հետաքրքրում է այս ապրանքների շարժը՝ հասե՞լ է Արցախ, թե չի հասել, հետ է եկել, կամ որտեղից է եկել»:

Թեև Մանվել Գրիգորյանը պնդում է, որ զարմացած է իր տիրապետած տարածքներում ապրանքների առկայությունից, երեկ ԱԺ նախագահին ուղարկած իր նամակում նա հայտնել էր, թե պատրաստ է տրամադրել փաստաթղթային ապացույցներ այն մասին, թե ինչու և ինչ ձևով են դրանք հայտնվել Երկրապահ կամավորական միությանը սպասարկող պահեստներում, և թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար։ Փաստաբան Արայիկ Ալվանյանը, սակայն, ցուցմունքի և նամակի բովանդակությունում հակասություն չի տեսնում։

Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց շաբաթ օրը, «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած գեներալը մեղադրվում է զենք և ռազմամթերք պահելու, ինչպես նաև բանակից հափշտակություն կատարելու մեջ։ ԱԱԾ-ն Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերել էր մեծ ծավալի ռազմամթերք, ապրիլյան պատերազմի օրերին բանակին նվիրաբերված շտապօգնության մեքենաներ, զինվորի հագուստ, հիգիենիայի պարագաներ, զինվորի բաժին գրությամբ մսամթերք, դպրոցական երեխաների կողմից զինծառայողներին ուղարկված խտացրած կաթ։

Փաստաբաններն առայժ իրավաչափ են որակում ԱԱԾ-ի գործողությունները: Արսեն Մկրտչյանը, սակայն, հասարակությանը հորդորում է մինչ դատարանի վճռի հրապարակումը հարգել անմեղության կանխավարկածը և տարածված տեսանյութին վերաբերվել զուտ որպես օպերատիվ տեղեկության։ «Այդ մարդիկ իենց օպերատիվ գործողություններն արդարացնելու համար ասում են՝ տեսեք, մենք զուր տեղը չենք գնացել այնտեղ, ինչ-որ բան կա, որ գնացել ենք: Սա արվում է նրա համար, որպեսզի հետագա մեղադրանքներից զերծ մնան»,- ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Գրիգորյանի փաստաբանների փոխանցմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը կպարզի՝ զենքերն ուսումնական նպատակներո՞վ էին պահվում, թե մարտական։ Փաստաբան Մկրտչյանի պնդմամբ, ինքը փաստացի ապացույցներ ունի, որ բանակին նվիրաբերված մեքենաները, որոնք, ըստ ԱԱԾ-ի՝ գեներալը գրանցել է իր բարեկամների անուններով, ապրիլյան պատերազմի օրերին եղել են առաջնագծում, ծառայել բանակին։

Փաստաբանների հավաստմամբ՝ Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, տառապում է մի շարք ծանր հիվանդություններով և կարիք ունի նեղ մասնագիտական բուժօգնության, այդ թվում՝ քիմիաթերապիայի։ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունն այս պահին իրականացնում են 4 փաստաբաններ: Նրանք չեն թաքցնում՝ կա հանրային ճնշում, բայց գործից հրաժարվել չեն պատրաստվում: Խոստանում են բացահայտել ճշմարտությունը և այն հրապարակային ու օբյեկտիվ կերպով նեկայացնել հանրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG