Մատչելիության հղումներ

ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը


Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ելույթ է ունենում խորհրդարանի ամբիոնից, Երևան, 19-ը հունիսի, 2018թ․
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ելույթ է ունենում խորհրդարանի ամբիոնից, Երևան, 19-ը հունիսի, 2018թ․

Ազգային ժողովը այսօր փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց Հանրապետական խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի հրապարակած արդյունքներով՝ քվեարկությանը 104 պատգամավորներից մասնակցել են 82-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, կողմ են քվեարկել 77, դեմ՝ 3 պատգամավորներ:

Այսօր ավելի վաղ խորհրդարանը կրկին փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն էր տվել գեներալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:

Գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց շաբաթ օրը՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Իրականացված խուզարկությունների արդյունքներով կիրակի օրը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել:

Պատգամավորի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG