Մատչելիության հղումներ

Դատախազությունը մանրամասներ է հրապարակել Մանվել Գրիգորյանի գործով


Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հրապարակել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատներում, շինություններում, կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում իրականացված խուզարկությունների վերաբերյալ:

Հաղորդագրությունում նախ նշվում է, որ քննության տվյալների համաձայն՝ սկսած հունիսի 5-ից, ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ անձանց մասնակցությամբ սկսել է տեղափոխել, փոխադրել հրազեն հանդիսացող առարկաները տարբեր վայրեր՝ «մաքրելու» նպատակով: Չնայած դրան՝ հունիսի 16-ին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով Մ. Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են մեծ քանակությամբ նռնակներ, հակատանկային ականանետներ, տրոիլային պայթաղյուսներ, ավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հրապարակած հաղորդագրոթւթյան համաձայն՝ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ:

«Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ», «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ», - ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը նշում է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարաված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների և ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված մեծ քանակությամբ պարկերով և արկղերով սննդամթերք, բժշկական և հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր:

Նույն օրը խուզարկություն է կատարվել Մանվել Գրիգորյանի փաստացի տիրապետման տակ գտնվող ԲԲԸ-ի տարածքում, որի ընթացքում ատրճանակից և դանակից զատ հայտնաբերվել է 36.884.370 ՀՀ դրամ, երեխաների կողմից զինվորներին ուղղված 8 նամակ, զինվորական հանդերձանք և դրա տարբեր պարագաներ, արկղերով և պարկելով սննդամթերք: Նշված արկղերի և պարկերի վրա առկա են եղել «զինվորի համար, վաճառքի ենթակա չէ» գրառումներ:

Խուզարկությամբ հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմում է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ:

«Իսկ նախկինում զբաղեցրած պաշտոններով, ծավալած հասարակական գործունեության բնույթով, ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակով պայմանավորված որոշակի հասարակական դիրքը, հանցագործության կատարմանն այլ անձանց առերևույթ մասնակցությունը, վերջիններիս նկատմամբ Մանվել Գրիգորյանի ազդեցությունը հիմք են հանդիսանում ազատության մեջ մնալու դեպքում վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ողջամիտ կանխատեսման համար», - ասված է հաղորդագրությունում: - «Ելնելով վերոգրյալից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 18-ին միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG