Նորքի դատարանում քիչ անց քննվելու է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ներկայացրած բողոքը, կապված իր ձերբակալության հետ։ Գրիգորյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, «Ազատությանը» տեղեկացրեց, որ բողոքարկել են ԱԱԾ գործողությունները, խուզարկություններն ու Մանվել Գրիգորյանին ձերբակալելու որոշումը։
Ձերբակալված պատգամավորի աջակիցները այսօր վաղ առավոտից վերսկսել են իրենց բողոքի ակցիաները ԱԱԾ շենքի առջև: Նրանք մի քանի րոպե փակեցին Նալբանդյան փողոցը, ինչի ընթացքում տեղի ունեցավ ընդհարում ոստիկանության հետ։
Գրիգորյանի գլխավորած «Երկրապահ կամավորական միության» անդամները և այլ ցուցարարներ, որոշեցին բողոքի ակցիան շարունակել Նորքի դատարանի առջև։ Նրանք այս պահին դատարանի բակում սպասում են նիստի մեկնարկին։ Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ միջնորդել են, որպեսզի Մանվել Գրիգորյանը բերվի դատարան և մասնակցի նիստին:
Հիշեցնենք, շաբաթ երեկոյան Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդեց, որ որ Արթուր Ասատրյանը (մականունը՝ «Դոն Պիպո») և գեներալ Մանվել Գրիգորյանը բերման են ենթարկվել և ձերբակալվել են: Ըստ հաղորդագրության՝ ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Մանվել Գրիգորյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է: Հանրապետականը ապօրինի է որակել Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը և հորդորել է ազատ արձակել նրան: