Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներում քննարկվել է Ղարաբաղը բանակցային կողմ դիտարկելու թեման․ Արտգործնախարար


Հայաստանի վարչապետի և արտգործնախարարի՝ Մինսկի խմբի համանախագահների հետ երեկ և այսօր տեղի ունեցած հանդիպումներում Ղարաբաղը բանակցային կողմ դիտարկելու թեմային անդրադարձ եղել է, թեև տարածված պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին ոչինչ նշված չէր, այս մասին հայտնի դարձավ այսօր Ազգային ժողովում Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի և արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հարցուպատասխանից:

Աշոտյան․ - Արդյո՞ք հայկական կողմը բարձրաձայնել է նոր բանակցային մոտեցումների մասին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ բանակցային կողմ դիտարկելու մեր նոր ռազմավարության մասին: Երկրորդը՝ արդյո՞ք հայկական կողմը բարձրաձայնել է ադրբեջանական զինուժի կուտակումների մասին:

Մնացականյան․ - Շատ կարճ կարելի է պատասխանել Ձեր երկու հարցին՝ այո և այո: Եվ սա շատ բնական է, որովհետև առաջինը՝ մենք արդեն բավական հստակ արտահայտել ենք կառավարության գերակայությունը արտաքին քաղաքականության ծրագրում, որտեղ Լեռնային Ղարաբաղը զբաղեցնում է իր շատ հստակ տեղը:

Փաշինյանի կառավարության հունիսի 1-ին ընդունված ծրագրում, մասնավորապես, նշված է․ - «Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում»։

Արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը խորհրդարանի ամբիոնից նաև հայտնեց՝ բանակցություններում բավական մեծ ուշադրություն է դարձվել խաղաղությանը նպաստող մթնոլորտի հարցին․ - «Մենք ուշադրություն հրավիրեցինք և ընդգծեցինք, որ այն ինչ կատարվել է երկու օր առաջ՝ այդ զոհը՝ Վահագն Էլոյանն է, և դա մեզ համար մեծ կորուստ է և սա բացարձակապես բացասական է ազդում բանակցային գործընթացի վրա և բացասական է ազդում այն սկզբունքի վրա, որին մենք ուշադրություն ենք տալիս՝ դա խաղաղությանը նպաստող մթնոլորտն է»:

Արտգործնախարարից բացի պատգամավորները հարցեր ուղղեցին նաև մյուս նախարարներին, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ներկա չէին գործուղումների պատճառով։

«Հասկանալով հանդիպման կարևորությունը՝ ուզում եմ դիմել նախևառաջ կառավարության և վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը», - այս առնչությամբ հայտարարեց Արմեն Աշոտյանը:

«Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանը ասաց, որ բազմաթիվ գործարարներ արտերկրից դիմում են իրենց՝ հասկանալու մենաշնորհներն իրականում վերացել են, թե ոչ․ - «Ենթադրում եմ, որ հայտարարված՝ մենաշնորհների վերացում հասկացությունը պրակտիկ իրականության մեջ պետք է ամրագրված լինի կառուցակարգերով: Շատ կարևոր եմ համարում, որ մեր հասարակությանը և հատկապես արտաքին աշխարհին, ներդրումային ակնկալիքներ ապահովելու համար, ստեղծել հարթակներ, որտեղ պետք է հստակ նշվի, որ ոլորտներում մենաշնորհների ինչպիսի կարգավիճակ կա այժմ, 20,000 ապրանքատեսակից քանիսն են այլևս մենաշնորհից զերծվել»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահ է՝ որևէ մեկի մոտ կասկած այլևս չկա, որ քաղաքական առումով հարցը լուծված է․ - «Ինստիտուցիոնալ մասով արդեն պետք է գործեն համապատասխան մարմինները: Դրանցից մեկն է, օրինակ, Տնտեսական մրցակցության պաշտպանության մարմինը և կան նաև այլ մարմիններ, որոնք արդեն սկսել են գործել և արդեն իսկ փոքր-փոքր, բայց արդեն կոնկրետ որոշակի արդյունքներ ցույց են տալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG