Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը, երբ այն կընդունվի, «Լուսավոր Հայաստան»-ը սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նոր թեկնածու կառաջադրի: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով՝ Թանդիլյանի հրաժարականի հարցը կուսակցությունում չի քննարկվել և այն անակնկալ է եղել իրենց համար:
Հիշեցնենք՝ երեկ սոցիալական հարցերի նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը հրաժարական ներկայացրեց՝ պարզաբանելով, որ իր քայլը պայմանավորված է պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ունեցած սկզբունքային տարաձայնությամբ:
Թանդիլյանն իր հրաժարականի պարզաբանման մեջ նշել էր, որ դեմ է եղել պարտադիր կուտակային համակարգին, որի դեմ կազմակերպել է ցույցեր, և հիմա էլ գտնում է, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը։
«Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը», - իր պարզաբանման մեջ նշել էր Թանդիլյանը՝ տեղեկացնելով, որ լքում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության շարքերը:
Մարուքյան. - Մեզ համար նույնպես եղել է անակնկալ, այսինքն՝ կուսակցության համար եղել է անակնկալ որոշումը, բայց միևնույն ժամանակ ես մեծ հարգանքով եմ վերաբերվում տիկին Թանդիլյանի որոշմանը, գիտեք, «Դեմ եմ» շարժման առաջնորդներից է եղել նա, և, բնականաբար, պարտադիր կուտակային համակարգը և դրա ներդրման հետ կապված խնդիրները նրա համար շատ էական և կարևոր նշանակություն ունեն, և եթե վարչապետն ընդունի հրաժարականի դիմումը, մենք ստիպված կլինենք այլ թեկնածու ներկայացնել։ Եթե ոչ, եթե տարբերակ լինի, որ տիկին Թանդիլյանը շարունակի աշխատել, բնականաբար, ուրախ կլինենք ողջունել։
«Ազատություն». - Իսկ արդեն ունե՞ք հնարավոր թեկնածուների ցանկ։
Մարուքյան. - Մեր կուսակցությունում մենք ունենք մարդկային լավ ռեսուրս, ցանկացած նախարարի պաշտոնում մենք կարող ենք մարդ առաջադրել։
«Ազատություն». - Ասում եք, որ վարչապետը դեռ չի ընդունել, հնարավո՞ր է ինչ-որ բանակցություններ լինեն, Փաշինյանի և Թանդիլյանի միջև զրույց տեղի ունենա և վստահեցնի Փաշինյանը, որ ինչ-որ բան է փոխվելու, նա էլ վերադառնա, այդ սկզբունքային համաձայնությունը լուծվի։
Մարուքյան. - Ես չէի ուզենա «եթե»-ներով խոսել։ Բնականաբար, կհանդիպեն, կզրուցեն, մնացածը կտեսնեք։
«Ազատություն». - Դուք զրուցե՞լ եք պարոն Մարուքյան։
Մարուքյան. - Ես զրուցել եմ, վարչապետը հիմա, գիտեք, Մոսկվայում է, այդ հանդիպումը շատ կարևոր է, թողեք ամեն ինչ շատ լավ անցի, կվերադառնա, մնացածը կխոսենք։
Անդրադառնալով հարցին, որ «Ելք» դաշինքը նախընտրական իր ծրագրում խոստանում էր իշխանության գալու դեպքում չեղարկել պարտադիր կուտակային համակարգը, մինչդեռ այսօր երբ դաշինքի բոլոր անդամները ներգրավված են կառավարության կազմում, այդ խոստումը չեն կատարում, Էդմոն Մարուքյանն ասաց, թե «Ելք»-ը, որպես այդպիսին, իշխանության չի եկել, ինչ վերաբերում է կառավարության որոշմամբ ներդրվելիք համակարգին, ապա ըստ Մարուքյանի՝ այն քայլ առաջ է եղածի համեմատությամբ, իհարկե այն կարող էր հետաձգվել, բայց կառավարության մեծամասնության դիրքորշումը եղել է այն, որ չհետաձգվի: Թեև Մարուքյանը շեշտեց, իրենք հետաձգման կողմնակից են եղել․ - «Եթե «Լուսավոր Հայաստանի» կառավարությունը լիներ, միգուցե մենք կհետաձգեինք մեր ծրագրերով: Բայց կառավարությունը բազմակուսակցական և հետհեղափոխական կառավարություն է: Կառավարության մեծամասնությունը, այսպես ձևակերպեմ, եղել է այս նախագծի կողմնակից: Ինչպես դուք տեսաք, այս նախագծին 18 նախարարից երկու նախարար է դեմ խոսել: Ես կարծում եմ, որ նոր իրողությունների լույսի ներքո պետք է այս համակարգի սահմանադրականության հարցը կրկին քննարկվի, և եթե, քննարկումների արդյունքում, պարզվի, որ համակարգը հակասահմանադրական է, մենք, որ շատ էլ ուզենանք, համակարգը չենք կարող շարունակել: Եվ տվյալ պարագայում պետք է տեղի ունենա համակարգի ռեվերսը»:
Արծվիկ Մինասյանը հրաժարական չի տա
Մինչդեռ Սահմանադրական դատարանում 4 տարի առաջ պարտադիր կուտակային համակարգի սահմանադրականությունը վիճարկող, այսօր արդեն տնտեսական զարգացման նախարար Արծվիկ Մինասյանը պնդում է․ - «Ես, որպես Արծվիկ Մինասյան, որը չորս տարի առաջ Սահմանադրական դատարանում իմ գործընկերոջ հետ շահել ենք դատական ակտը, մեր գնահատմամբ այդ դատական ակտը ամբողջությամբ իրացված չէ»:
Արծվիկ Մինասյանի պնդմամբ, պարտադիր կուտակային համակարգի խնդիրը կառավարության օրակարգում է, այս հարցը փակված չէ և դեռևս պետք է գնահատվի օրենքի սահմանադրականությունը: Ըստ նախարարի, Սահմանադրական դատարանի կողմից 2 որոշում է կայացվել, և այժմ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել՝ որքանո՞վ են կատարվել այդ որոշումնեըը, որքանով են դրանք համապատասխանում մեր երկրի և քաղաքացիների շահերին:
«Վարչապետի հայտարարությունը այս մասով շատ պարզ է՝ ասաց, որ եթե մենք եկանք այն համոզման, որ ինքը հակասահմանադրական է կամ այս կամ այն պատճառով չի համապատասխանում մեր երկրի, մեր քաղաքացիների շահերին, որևէ խնդիր չկա այն չեղարկելու», - նշեց տնտեսական զարգացման նախարարը՝ ևս մեկ անգամ համոզմունք հայտնելով, որ պարտադիր կուտակային համակարգը՝ «այն ձևով, ինչ ձևով մենք ունենք, չի համապատասխանում մեր քաղաքացիների և մեր պետության շահերին՝ նաև ներկա տնտեսական պայմաններում»:
Անդրադառնալով պարտադիր կուտակային համակարգի պատճառով նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի քայլին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ափսոսում է, քանի որ Թանդիլյանն այս ընթացքում կարող էր շատ օգնել իրենց: Մինասյանը միաժամանակ ընդգծեց՝ ինքը հրաժարական չի տալու․ - «Հիմա դուք ինձ համոզում եք, որ հրաժարակա՞ն տամ: Չի լինելու այդպիսի բան»:
Քաղաքական գործիչը չպետք է փոխի իր սկզբունքները
Անդրադառնալով պարտադիր կուտակային համակարգից չհրաժարվելու՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմանը, ընդդիմության շարքերն անցած Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ քաղաքական գործիչը չպետք է փոխի իր սկզբունքներն ու մոտեցումները անկախ այն բանից, որ նախկինում ընդդիմադիր պատգամավոր է եղել, իսկ հիմա վարչապետ․ - «Քաղաքական գործիչը, անկախ իշխանություն, թե ընդդիմություն լինելուց, պետք է ունենա հստակ հայեցակարգ կարևորագույն հարցերի շուրջ»: