Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Ընկերներիցս մեկն ինձ ուղարկել էր Նյու Յորքում բնակվող թուրք ամերիկացի Իբրահիմ Քուրթուլուշի ծավալուն նամակի պատճենը, որն ուղղված էր CNN-ի հարյուրավոր աշխատակիցների և որտեղ նա խստորեն քննադատել էր Էնթոնի Բուրդենին, Քրիս Քուոմոյին և ուրիշներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Քուրթուլուշի էլեկտրոնային նամակի թեման վերնագրված էր՝ «Երբ CNN-ի Քրիս Քուոմոն և «հատկապես» Էնթոնի Բուրդենը օրինականացնում են ՌԱՍԻԶՄԸ»:
Դժբախտ զուգադիպությամբ, թուրքական նամակն ուղարկվել է 2018թ. հունիսի 5-ին՝ Բուրդենի ինքնասպանություն գործելուց ընդամենը երեք օր առաջ... Հաշվի առնելով, որ վերջին օրերին մեծ թվով հայեր և օտարազգիներ էին գրել՝ անհիմն կասկածներ հայտնելով, թե Բուրդենի մահվան պատճառը Ադրբեջանը կամ Թուրքիան են, ուզում եմ հստակեցնել, որ ես չեմ հավատում նման դավադրությունների: Ցավոք, Բուրդենը, որը տարիներ շարունակ թմրանյութեր էր օգտագործել, մոլի խմող էր և տառապել է լուրջ դեպրեսիայից, անցյալ շաբաթ ինքնասպանություն գործեց հյուրանոցի համարում Ֆրանսիա կատարած այցի ժամանակ:
Բացի այդ, նրանք, ովքեր քարոզում են այդ դավադրությունները, վնաս են հասցնում հայկական շահերին: Էնթոնի Բուրդենը, որը «Անծանոթ վայրեր» ճամփորդական և խոհարարական հայտնի շոու ուներ CNN հեռուստաընկերությունում, հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»՝ անցալ տարի Հայաստան կատարած այցից հետո Արցախ մեկնելու համար: Հեռուստահաղորդումն անցած ամիս ցուցադրվեց CNN-ով, մեծ հրճվանք պատճառելով հայերին և առաջ բերելով ադրբեջանցիների ու թուրքերի վրդովմունքը: Ենթադրելով, թե Ադրբեջանն է սպանել Բուրդենին՝ հայերը պարզապես օտարներին տարհամոզում են Արցախ այցելելուց...
Քուրթուլուշը հարձակվել է CNN-ի Քրիս Քուոմոյի վրա՝ նրա շոուի ընթացքում կոնգրեսական Ադամ Շիֆից (դեմոկրատ, Կալիֆորնիա) հարցազրույց վերցնելու համար: Քուրթուլուշը Շիֆին ներկայացրել է որպես «ռասիստ»՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը աջակցության համար և համեմատել Կու-կլուքս-կլանի Դեյվիթ Դյուկի հետ: Այնուհետև Քուրթուլուշը քննադատել է կոնգրեսական Նենսի Փելոսիին (դեմոկրատ, Կալիֆորնիա)՝ 2016թ. նրա հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Քուրթուլուշը ծիծաղելիորեն պնդել է, որ Ցեղասպանության ժամանակ հայերը հնարավոր է մահացել են «ծերությունից», այլ ոչ թե սպանություններից...
Քուրթուլուշը նաև իր զայրույթն է թափել Էմի Գուդմանի վրա, որը վարում է «Ժողովրդավարությունը հիմա» մրցանակակիր ռադիո-հեռուստատեսային լուրերի ծրագիրը, որ եթեր է տրվում Հյուսիսային Ամերիկայի 900 հանրային հեռարձակման կայաններով, իր շոուի ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Քուրթուլուշը ոչ միայն հերքել է Հայոց ցեղասպանության իրողությունը՝ այն անվանելով «կեղծիք», այլև մեղադրել է հայերին՝ «թուրքերի դեմ ոչնչացման արշավ» կազմակերպելու համար... Նա նաև կեղծորեն պնդել է, թե «հայերի դեմ համակարգված բնաջնջման արշավը ոչ միայն անհավանական էր, այլև անհնարին...»:
Այնուհետև Քուրթուլուշը քննադատել է Էնթոնի Բուրդենին՝ Սերժ Թանկյանի ուղեկցությամբ Հայաստան և Արցախ կատարած այցելությունների համար: Քուրթուլուշը Թանկյանին ներկայացրել է որպես «հայ-ամերիկյան ռոք խմբի (System of a Down) անդամ, որի հիմնական նենգ նպատակն է աշխարհի երիտասարդ երկրպագուների ուղեղների լվացումը՝ «Հայոց ցեղասպանությունը» ընդունելու համար»: Այնուհետև Քուրթուլուշը մեղադրել է Բուրդենին՝ «այդ ատելության ողջ քարոզչությունը իր դրվագում (https://www.youtube.com/watch ?v=A3oEJjTbDpo) կրկնելու համար»:
Վիրջինիա նահանգի Շառլոթվիլի սպիտակ «սուպրեմասիստների» հետ Բուրդենին համեմատելուց հետո, Քուրթուլուշը հարցնում է՝ «ո՞րն է տարբերությունը»: Ցավոք, Քուրթուլուշը զրպարտել է որևէ մեկին, ով պաշտպանել է Հայոց ցեղասպանության հավաստիությունը: Ուրիշները մեղավոր չեն, որ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը կազմակերպել էր հայ ժողովրդի բնաջնջումը: Եթե դրա հետևանքով թուրք ժողովուրդը սարսափելի վարկ է ձեռք բերել, սխալ է դրանում մեղադրել հայ զոհերին: Քուրթուլուշի փաստարկը համարժեք է նրան, որ դատապարտեն բոլոր նրանց, ովքեր խոսում են հրեական Հոլոքոսթի մասին, քանի որ դա կարող է վնաս հասցնել գերմանացիների վարկել...
Այնուհետև Քուրթուլուշն անարգել է Հայոց ցեղասպանության մասին գրած բոլոր մտավորականներին, ներառյալ դեսպան Հենրի Մորգենթաուին, որն իր «Մի ազգի սպանությունը» գրքում գրել է ականատեսի վկայությունները: Դրա փոխարեն, Քուրթուլուշը գովերգել է այսպես կոչված «մտավորականներին», որոնք ցեղասպանության ժխտողներ են՝ թուրքական կառավարության ֆինանսավորմամբ:
Քուրթուլուշն իր նամակն ավարտել է Բուրդենի հասցեին ուղղված հավելյալ վիրավորանքներով. - «Եթե ես ապրեի պակաս ռասիստական երկրում, Էնթոնի Բուրդենը անհապաղ կկորցներ իր աշխատանքը: Սակայն խնդիրը կապված չէ միայն ատելությամբ լի մոլեռանդների հետ, ինչպիսին Էնթոնի Բուրդենն է. ինչո՞ւ է [CNN-ի] նախագահ Ջեֆ Ցուկերը, որը նույնպես ստացել է մեր հաղորդագրությունները, թույլատրում Բուրդենի արատավոր ռասիզմը»:
Քուրթուլուշը մեղադրել է նաև CNN-ի այլ աշխատակիցների, որոնք չեն բողոքել «Էնթոնի Բուրդենի անպատասխանատվության, ատելության և կոռուպցիայի փաստերի դեմ.... Ինչպե՞ս կարող էին CNN-ի լրագրողները հանդուրժել Էնթոնի Բուրդենի նախապաշարմունքները, ինչպես նաև փաստերի կեղծումը»:
Քուրթուլուշի բազմաթիվ կեղծիքների և խեղաթյուրումների դեմ հակադրվելու փոխարեն ես պարզապես մեջբերում կանեմ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքից, որը 1926թ. օգոստոսի 1-ին Los Angeles Examiner թերթում հրապարակված հարցազրույցում խոստովանել է. - «Նախկին Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները, որոնք պետք է պատասխան տան մեր միլիոնավոր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնց զանգվածաբար դաժանաբար քշեցին իրենց տներից և կոտորեցին, չեն ենթարկվում հանրապետական իշխանությանը: Նրանք մինչ օրս ապրել են թալանով, կողոպուտով և կաշառակերությամբ ու թշնամաբար են վերաբերվել ցանկացած գաղափարի կամ առաջարկության՝ լծվելու օգտակար աշխատանքի և վաստակելու իրենց ապրուստը իրենց ճակատի արդար քրտինքով»։
Քանի որ ես Քուրթուլուշի էլեկտրոնային նամակի պատճենը ստացել եմ CNN-ի հարյուրավոր էլեկտրոնային փոստի հասցեների ամբողջական ցանկի հետ միասին, որոնց նա ուղարկել էր իր էլեկտրոնային նամակը, ես իմ հոդվածը կուղարկեմ միևնույն էլեկտրոնային փոստի հասցեներով, որպեսզի Քուրթուլուշը չխաբի CNN- ի լրագրողներին:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Facebook Forum