Մատչելիության հղումներ

Դատախազությունը մեղմացրել է դիրքորոշումը Ժիրայր Սեֆիլյանի գործով


Դատախազությունը մեղմացրել է դիրքորոշումը «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով․ այսօր Վերաքննիչ դատարանում ներկայացնելով ընդդիմադիրների բողոքի պատասխանը՝ մեղադրողը հայտարարեց, թե պայմանավորված իրավիճակի փոփոխությամբ, միջնորդում է, որ 10 տարի 5 ամսվա ազատազրկման դատապարտված Սեֆիլյանը ճաղերի հետևում մնա յոթ տարի:

Իսկ այս գործով մյուս մեղադրյալ Գևորգ Սաֆարյանին դատախազը միջնորդեց ազատ արձակել դատարանի դահլիճից, նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել:

Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները վերաքննիչ ատյանում պահանջում են արդարացում:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, Գևորգ Սաֆարյանից բացի դատարանը կարող է նաև Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակել, պատիժը պայմանականորեն չկիրառելով, բայց դա դեռ հարցի լուծում չէ․ - «Անթույլատրելի է, անգամ եթե իրենց խափանման միջոցը փոխվի, միևնույնն է՝ նման մեղադրանքները շարունակեն գոյություն ունենալ: Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը պետք է արդարացվեն»:

Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, հետագայում էլ՝ Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, մտադիր է եղել զենքի գործադրմամբ շենքեր գրավել, իշխանություններին պարտադրել ինչ-որ բաներ: Փաստաբան Արայիկ Պապիկյանը հիշեցնում է՝ Սեֆիլյանի դեմ դատարանում միայն մեկ մեղադրյալ է ցուցմունք տվել, որ արդեն ազատության մեջ է: Նա պատմել էր, թե ընդդիմադիր գործչի հետ ծանոթացել է ֆեյսբուքով ու հրահանգ ստացել պատրաստվել զինված գործողության:

«Մեղադրանքը ոչ թե կասկածելի է, այլ հիմնազուրկ է», - պնդում է փաստաբանը: - «Նման պայմաններում մնում եմ համոզմանը, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ արդարացման դատական ակտը միակ արդարացի ակտը կարող է լինել»:

Գևորգ Սաֆարյանը բացի այս գործից մեղավոր ճանաչվել և երկու տարով ազատազրկվել նաև «տոնածառ»-ի աղմկահարույց գործով:

Ի դեպ, փաստաբանները կարծում են, որ ժամանակն է նաև անդրադառնալ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցին: Հենց նա էր առաջին ատյանում մեղավոր ճանաչել Սեֆիլյանին և Սաֆարյանին, ողջ դատավարության ընթացքում այդպես էլ թույլ չտալով, որ Սեֆիլյանը ցուցմունք տա, անգամ վերջին խոսքով հանդես գա:

Ինքը Սեֆիլյանը այսօր կարճ արձագանքեց՝ ինչպես է պատկերացնում իր գործի հանգուցալուծումը․ - «Ուզեն-չուզեն՝ ազատ են արձակելու»:

Դատարանը որոշումը կհրապարակի չորեքշաբթի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG