Մատչելիության հղումներ

Գյումրիի պատվավոր քաղաքացիների թիվը առաջիկայում առնվազն 4-ով կնվազի


Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյան
Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյան

Ավագանու «ԳԱԼԱ» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լևոն Սարգսյանին և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին:

Այս պահին քաղաքը 61 պատվավոր քաղաքացի ունի:

Այսօր հարցը ներկայացվեց ավագանու իրավական հարցերի հանձնաժողով և, դրական եզրակացություն ստանալով, ընդգրկվեց ավագանու հունիսի 18֊ի նիստի օրակարգում:

«ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը հանձնաժողովի նիստում հիմնավորեց, թե ինչու են հենց այս 4 անձանց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը օրակարգ բերում․ - «Բազմաթիվ մարդիկ կան՝ Մարտիրոս Սարյան, Շարլ Ազնավուր, Վիկտոր Համբարձումյանը, մեր փառապանծ մարզիկները, բազմաթիվ բարերարներ․․․ նրանք շատ կոնկրետ, շոշափելի օգուտ են տվել Գյումրի քաղաքին, Գյումրի քաղաքի անունը լավ իմաստով հանել են աշխարհով մեկ: Եվ այդ մարդկանց կողքին հիմա այդ ցուցակներում տեղ ունեն Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, հանգուցյալ Գորիկ Հակոբյանը: Այդ խմբերը անհամատեղելի են»:

Լևոն Բարսեղյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ նշված անձանց պատվավոր քաղաքացու կոչում շնորհվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով․ - «Սերժ Սարգսյանը չգիտեմ ինչով է արժանացել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանը, էն էլ 2006 թվականին: Բացարձակ անհայտ է, անհասկանալի է: Սրանք քաղաքական որոշումներ են եղել․ դնենք, հաճոյանանք, լավություն անենք, էսինչ անենք, էնինչ անենք․․․ Կոնկրետ ավագանու անդամներ են կողմ քվեարկել սրան»:

Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել 2002 թվականին՝ «Լինսի» հիմնադրամով Գյումրիում բնակարանաշինական ծրագրի իրականացման համար:

Բարսեղյանն հակադարձում է․ - «Լինսի ժամանակվա շինարարությունը չգիտեմ ինչու հերոսաբար վերագրվում է Ռոբերտ Քոչարյանին: Լինսի փողերի մասին առաջին համաձայնությունը ձեռք է բերել Լևոն Տեր-Պետրոսյանը 97 թվականին: Լինսի ժամանակվա շինարարությունը, որով Գյումրիում բնակարաններ կառուցվեցին 2400-ի կարգի, եթե չեմ սխալվում, վերագրվում է որպես մի մեծ նվաճում Ռոբերտ Քոչարյանի համար: Նախ պարտավոր ենք բոլորս միանշանակ հասկանալ, որ իշխանության պարտականությունը կատարելը լավություն չէ»:

2006 թվականին Սերժ Սարգսյանին ու Գորիկ Հակոբյանին է շնորհվել պատվավոր քաղաքացու կոչում: Այդ տարիներին Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարն էր, իսկ Գորիկ Հակոբյանին այդ կոչումը շնորհվել էր զուտ նրա համար, որ նա ծնունդով գյումրեցի է:

«Այս սկզբունքով առաջնորդվելով՝ պատվավոր քաղաքացիների թիվը մի քանի 100 հազար կարող էր լինել», - ասաց Բարսեղյանը:

Վերջինը՝ 2016 թվականին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին: Ընդ որում, ավագանու այդ որոշումը տարաբնույթ քննարկումների առիթ դարձավ, անցկացվեց ստորագրահավաք և Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին նախագիծ ներկայացվեց, սակայն ավագանին դեմ քվեարկեց, ու վերջինս մինչ օրս Գյումրու պատվավոր քաղաքացի է:

«Երկու հազար տոկոսով համոզված ենք, որ եթե Լևոն Ազատի Սարգսյանը չլիներ Սերժիկ Սարգսյանի եղբայրը, որևէ մեկը նման թուղթ չէր գրի, ուղարկեր ստեղ, թե՝ պատվավոր քաղաքացու կոչում տվեք, քաղաքապետն էլ էդ թուղթը չէր հրի առաջ, չէր բերի, 16 թվականի օգոստոսին նրան Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տալու համար», - նշեց Բարսեղյանը:

Լևոն Բարսեղյանն ասում է, որ պատվավոր քաղաքացիների ցուցակը պետք է այսպես ասած մաքրվի և մնան միայն նրանք, ովքեր արժանի են կրել այդ տիտղոսը:

«Ազատության» հարցին՝ եթե առաջարկվի Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհել Նիկոլ Փաշինյանին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թավշյա հեղափոխության մեկնարկը տրվել է Գյումրիից, ինչպես կվերաբերվի դրան, Բարսեղյանն արձագանքեց․ - «Ես դեմ եմ դրան: Եթե Նիկոլ Փաշինյանը, բացի իր պարտականությունները որպես վարչապետ, եթե իր պարտականությունների շրջանակում բաներ է անում, առաջարկելու եմ՝ անօթևանության խնդիրը լուծել հանգամանորեն, իր պարտականությունների շրջանակներում արածի համար ոչ մի առանձնահատուկ պատիվների չպիտի արժանանա: Ով ուզում է լինի»:

Բարսեղյանն ասում է, որ եթե առաջիկա ավագանու նիստում ավագանին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Գորիկ Հակոբյանին ու Լևոն Սարգսյանին չզրկի Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից, պատրաստ են ավագանու ամեն նիստին հարցը օրակարգ բերել՝ մինչև հասնեն այդ նպատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG