Մատչելիության հղումներ

ԵՄ 718 հազար եվրո դրամաշնորհով Արթիկում և Ապարանում արևային կայաններ կկառուցվեն


Արևային կայան Հայաստանում, արխիվ
Արևային կայան Հայաստանում, արխիվ

Եվրամիությունը «Հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում 718 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրում Ապարանում ու Արթիկում երեք տարվա ընթացքում արևային կայանների կառուցման համար:

Արթիկում կառուցվող արևային կայանը լինելու է խոշորագույններից մեկը իր հզորությամբ: Եվրամիության հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Անդրեա Բաջիոլին, ով նաև ծրագրի ղեկավարն է, ասաց, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի էներգետիկ ոլորտում կայուն զարգացումը:

«Էներգետիկան Եվրամիության աջակցության հայեցակարգի կարևոր թեմաներից մեկն է Հայաստանում: Տարածաշրջանային այս ծրագրին Հայաստանի մասնակցությունը թույլ է տալիս նաև օգտվել լավագույն փորձից, որ աշխարհում գոյություն ունի էներգաարդյունավետության, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի խթանման ոլորտում: Էներգետիկ ոլորտը կարևոր է Եվրամիության համար, և 2019 թվականին Եվրամիության՝ Հայաստանում իրականացվելիք միջոցառումների ծրագրերում էներգետիկայի թեման կարևոր դեր է ունենալու: Շատ կարևոր է, որովհետև էներգետիկայի միջոցով կարելի է օգնել և՛ կանաչ տնտեսության զարգացմանը, և՛ կանաչ էներգիայի արտադրությանը, և՛ ընդհանուր բնապահպանական հարցեր լուծել», - նշեց Բաջիոլին:

Հաջորդ տարվանից Արթիկում կկառուցվի Հայաստանում ամենահզոր արևային կայաններից մեկը: Ծրագիրն իրականացնող Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանն ասում է, որ Եվրամիության դրամաշնորհի առյուծի բաժինը Արթիկում է ներդրվելու, քանի որ նաև համայնքն է մասնակցում․ - «Սա էն հազվագյուտ դեպքերից է, որ համայնքը Եվրամիության հետ ոչ միայն ընդունող շահառուի դերում է, այլ՝ համաֆինանսավորող: Եվ շատ առատաձեռն և պատրաստակամ գտնվեց Արթիկի համայնքը, որը և համայնքապետարանը բավական զգալի համաֆինանսավորում հատկացրեց: Ի դեպ, իրոք, սա աննախադեպ բան է, որ միայն դրամաշնորհ ստացողի դերում չի քաղաքը, այլ քաղաքն է նաև համաֆինանսավորում»:

Պասոյանի խոսքով՝ «պարտադիր էր համամասնությունը 80:20՝ 80-ը Եվրամիությունն է, 20-ը՝ քաղաքը»: «Արևային կայանի համար էդ 20 տոկոսը ահռելի գումար է, հատկապես՝ հայկական համայնքների համար», - ընդգծեց նա:

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը «Ազատության» հարցին, թե որքա՞ն գումար է կազմում համաֆինասավորումը, և արդյոք տեղական բյուջեն ունե՞ր այդ հնարավորությունը, արձագանքեց․ - «Մեր համայնքային ներդրումը կազմելու է մոտ 50 հազար եվրոյի կարգի: Մի փուլով չենք տվել գումարը, պայմանավորվել ենք՝ մասնակի տանք, եթե մեր կառավարությունն էլ օգնի, շատ լավ կլինի: Առաջին փուլը արդեն կատարել ենք մեր հասանելիք գումարի վճարման»: Դա համայնքի բյուջեի վրա, ասաց քաղաքապետը, «էս պահին կարող է անդրադառնալ, բայց հետո շատ մեծ օգուտ ենք քաղելու, հենց առաջին տարում կրկնակի է փոխհատուցվելու»:

Ի՞նչ ենք ունենալու արդյունքում երեք տարի անց, երբ կավարտվի Եվրամիության ֆինանսավորմամբ այս ծրագիրը: «Ունենալու ենք արդյունքում հողի վրա հիմնված, համակարգին միացված արևային կայան, որի հզորությունը նվազագույնը կլինի մոտ 600 կիլովատտ, այսինքն՝ ինքը ընկնում է էդ մինչև 1-մեգավատտանոց կայանների կատեգորիայի տակ: Եվ ինչպես նշեց Եվրամիության ներկայացուցիչը՝ Անդրեա Բաջիոլին, մենք փորձելու ենք մասնավորի հետ համագործակցության ֆորմատ ստանալ, այսինքն՝ եթե մենք կարողանանք համայնքապետարանի, դրամաշնորհի և մասնավոր ներդրող բերել, որպեսզի էդ կայանը աճի, ունենանք նաև համաներդրում մասնավոր ոլորտից, որ հասցնենք 1 մեգավատտին, դա շատ կարևոր ֆորմատ է մեզ համար, որովհետև նաև կստեղծենք էլի աննախադեպ մոդել՝ համայնք-մասնավոր գործակցություն կայուն էներգետիկայի ոլորտում», - ասաց Աստղինե Պասոյանը:

Արևային կայանը հետագայում Արթիկի համայնքային բյուջեի համար եկամտի աղբյուր կարող է դառնալ: «Մեկ ժամում Արթիկ համայնքը մոտավորապես 3-4 ՄՎտ հոսանք է օգտագործում ներկա դրությամբ, չգիտեմ՝ հաստատ տվյալ է թե չէ, մոտավորապես եմ ասում, եթե 1 ՄՎտ մենք կառուցում ենք, բնականաբար՝ էդքան թեթևանում է մեր բեռը: Բացի դրանից, էս ծրագիրը հիմնական նրանում է լավ, որ մենք մոտավորապես հաշվարկ ենք արել՝ ամեն տարի մեր բյուջեի մոտ 10 տոկոսի չափով մուտքերը ավելանում են էս ծրագրի շրջանակներում: Նման դրամաշնորհ որևիցե քաղաքում դեռ չի եղել», - ընդգծեց քաղաքապետ Մխիթար Վարագյանը:

Այս տարի իրականացվելու են իրազեկման աշխատանքներ ու տեխնիկական խնդիրներն են հստակեցվելու՝ տարածքից մինչև կայանի հզորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG