ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն դատապարտել է հրադադարի շարունակական խախտումները Ուկրաինայի արևելքում և կոչ է արել անհապաղ հեռացնել ծանր սպառազինությունը տարածքից:
Ֆրանսիայի և Գերմանիայի հովանավորած բանաձևում ասված է, որ խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ին ջանքեր գործադրել քաղաքացիներին օգնելու համար, որոնք 4 տարի շարունակ Ուկրաինայի կառավարության և ռուսամետ անջատականների միջև ծավալված պատերազմի զոհն են:
Խորը մտահոգություն արտահայտելով Ուկրաինայում անվտանգության իրավիճակի վերաբերյալ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմերին հերթական անգամ կոչ է անում հավատարիմ մնալ 2015 թվականին Մինսկում ձեռք բերված համաձայնություններին:
Հունիսի 11-ին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարները մտադիր են հանդիպել Բեռլինում՝ փորձելու վերսկսել Մինսկի խաղաղ գործընթացը: Վերջին նմանատիպ փորձը ձախողվեց դեկտեմբերին:
Ուկրաինայում հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար 300 մարդ է սպանվել: