Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում չորս օր շարունակվող ցույցերն այսօր առավոտից դադարեցին


Ցուցարարները քննարկում են իրենց անելիքները, Ստեփանակետր, 4-ը հունիսի, 2018թ․
Ցուցարարները քննարկում են իրենց անելիքները, Ստեփանակետր, 4-ը հունիսի, 2018թ․

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում չորս օր շարունակվող ցույցերն այսօր առավոտից դադարեցին: Բողոքի ակցիաների համակարգող խումբը որոշեց ընդառաջել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի կոչերին և դադարեցնել բողոքի գործողությունները:

Համակարգող խմբի անդամ Դավիթ Սիմոնյանը, մասնավորապես, ասաց, որ իրենց պահանջները չեն փոխվել և պարզապես ժամանակ են տալիս Բակո Սահակյանին, որպեսզի պաշտոնանկ անի ԱԱԾ պետին, ԱԱԾ պետի տեղակալին և ոստիկանապետին:

«Մեր պահանջները նույնն են, ոչ մի բան չի փոխվել, պետք է ժամանակ, որ հարցերին լուծում տան: Նիկոլ Փաշինյանը ասաց, որ գնդակը փոխանցում ենք կառավարությանը և որ գնդակը չօգտագործի նպատակին, այդ գնդակը ետ կտեղափոխվի ցուցարարներին, այսինքն՝ ժողովրդին», - նշեց Սիմոնյանը:

Ցուցարարները, ովքեր դժգոհ էին այս որոշումից, կարծում էին, որ տարիներ շարունակ իշխանությունները իրենց խաբել են և այս անգամ էլ խաբված դուրս կգան, բայց քիչ անց նաև այդ դժգոհող քաղաքացիները եկան Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ, որտեղ՝ Մշակույթի պալատում, իշխանությունները ցուցարարներին դահլիճ են տրամադրել ինչպես նաև առանձին գրասենյակ, ստեղծվել է Հանրային խորհուրդ, որտեղ Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիները կարող են մոտենալ, ներկայացնել իրենց դժգոհությունները, բողոքները, ապօրինությունների վերաբերյալ փաստերը՝ եթե այդպիսիք կան:

«Ազատություն» ռադիոկայանը կեսօրից հետո ականատես եղավ, թե ինչպես դիմումների գրանցման համար նախատեսված սեղաններին թվով արդեն մոտ 400 դիմում էր կուտակվել: Մեզ հետ զրույցում քաղաքացիները պատմում էին, թե ինչի մասին են դիմումները: Հիմնականում բարձրաձայնում էին սոցիալական խնդիրներ:

Իսկ արդեն դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում, ցուցարարները նշում էին, որ չպետք է սահմանափակվել իրենց երեք պահանջներով և որ Լեռնային Ղարաբաղին համակարգային լուծումներ են պետք: Հնչած ելույթներում, մասնավորապես, խոսքը վերաբերում էր արդարադատության համակարգի բարեփոխմանը:

Մինչ այս պահը Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարությամբ հանդես չեն եկել՝ արդյոք կան պաշտոնանկություններ, թե ոչ: Հիշեցնենք՝ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը ասել էր, որ ժողովրդի պահանջը բավարարելու է, սակայն ժամանակ էր խնդրել այդ պաշտոններում նոր կադրեր փնտրելու համար:

Հիշեցնենք, անցած երեք օրերին ցուցարարները փակում էին Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին:

Ըստ ԼՂ ոստիկանության, վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, իրավապահները չեն մանրամասնում։

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ կիրակի օրը մտահոգություն էր հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հորդորել էր «զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG