Մատչելիության հղումներ

Ցուցարարները կհավաքվեն Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում, կշարժվեն դեպի նախագահական


Մոտ մեկ ժամից Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում կրկին կվերսկսվի ցուցարարների հավաքը։ Դժվար է ասել, այն բողոքի ակցիա է, թե ոչ, որովհետև երեկ հայտարարվեց, որ Ազատամարտիկների փողոցը փակ չեն պահի և երթով կշարժվեն դեպի նախագահական նստավայր, որտեղ, ըստ պետնախարար Արայիկ Հարությունյանի, ցուցարարներին կտրամադրվի գրասենյակ։

Ապօրինությունների և թալանի մասին խոսողները կարող են ներկայանալ այդ գրասենյակ և գրավոր ներկայացնել իրենց պահանջները, փաստերը, ինչից հետո այդ փաստերը կուսումնասիրեն թե՛ իրավապահ մարմինները, թե՛ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում երեկ ստեղծված քննիչ հանձնաժողովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչով դիմել էր արցախցիներին՝ դադարեցնել բողոքի գործողությունները, և ըստ էության նրանք համաձայնեցին։ Իհարկե ոչ բոլորն էին կողմ, նշում էին, որ տարիներ շարունակ խաբված են եղել ղարաբաղյան իշխանությունների կողմից, և քանի դեռ կա նման հասարակական մեծ աջակցություն, պետք է շարունակեն գործողությունները։

Հիշեցնենք, անցած երեք օրերին ցուցարարները փակում էին Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին:

Ըստ ԼՂ ոստիկանության, վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, իրավապահները չեն մանրամասնում։

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ կիրակի օրը մտահոգություն էր հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հորդորել էր «զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG