Մատչելիության հղումներ

Սուրեն Պապիկյան․ Վերջ է տրվելու օտարումների «խնամի-բարեկամ» ավանդույթին


Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը այսօր Գյումրիում հայտարարեց, թե Երևանի՝ մեգապոլիս դառնալու գործընթացը կասեցվելու է, Հայաստանում այսուհետ գերակա է լինելու մարզի համաչափ զարգացումը, մայրաքաղաքին տրամադրվող պետական դոտացիայի մի մասն ուղղվելու է մարզերին:

Նախարարը Գյումրի էր եկել՝ Շիրակի մարզպետարանի աշխատակազմին ու մարզի ուժային կառույցների ղեկավարներին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանին:

Պապիկյանի խոսքով՝ մարզերում ներդրումներ ապահովելու համար պետք է գույքագրվեն մարզերի այսպես ասած կահ-կարասին՝ շենք-շինություններից մինչև հողատարածքներ: Վերջ է տրվելու օտարումների խնամի-բարեկամ ավանդույթին․ - «Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը խնդիր է դրել առաջիկայում ձևավորել համայնքների՝ օտարման ենթակա հողերի և գույքի օնլայն հարթակ: Սա մի կողմից լուծում է մի խնդիր, երբ խնամի-ծանոթ-բարեկամների, նաև համայնքապետերի թեթև ձեռքով տարվա որևէ հատվածում մի լավ բարեկամի համար մի լավ փոքր հողատարածք էին գտնում, ու ավագանու միջոցով սա օտարվում էր համայնքից, համայնքը այդպես էլ տեղեկացված չէր լինում դրա մասին»:

Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցինք, թե Սյունիքը երբ կունենա նոր մարզպետ, իսկ Վայոց Ձորում, ըստ մամուլի, կարծես թե դժգոհ են նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանից:

Նախարարն առաջարկեց Սյունիքի մարզպետի հարցով սպասել Կառավարության մյուս նիստին: Իսկ Վայոց Ձորի մարզպետի մասին ասաց․ - «Սա քաղաքական համաձայնության արդյունք է, և «Ծառուկյան» դաշինքի քվոտայով նշանակված մարզպետի մասին եք խոսում: Այլ անդրադարձ այս պահին չեմ կարող ունենալ»:

Շիրակի նորանշանակ մարզպետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: «Ազատության» հարցին, թե արդյոք մարզպետների կուսակցական պատկանելիությամբ մարզերը կուսակցականացվելո՞ւ են, նախարարը պատասխանեց․ - «Մենք չունենք կարիք ստիպել մարդկանց օգտագործել մարզպետի կամ Կառավարության անդամի մեր լծակները՝ բոլոին դարձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Եթե կան մարդիկ, ովքեր ուզում են անդամակցել կուսակցությանը, ի սեր Աստծո, բայց դա չի կարող լինել վարչահրամայական եղանակով»:

Գյումրիում շրջանառվում է թվով 16 պաշտոնյաների անուններով ցուցակ, որոնց, ըստ տեղական մամուլի, մարզպետի նշակումից հետո աշխատանքից ազատելու են:

Նախարարն ասաց, որ այդ ցուցակից տեղյակ չէ, իսկ կադրային ջարդ չի լինելու․ - «Նման քննարկումներ չեն եղել: Ոս առաջին անգամ եմ դա Ձեզնից լսում: Կարող եմ հստակ ասել, որ օրինազանց պաշտոնյաները, չարաշահումներ կատարած մարդիկ չեն կարող պաշտոնավարել: Սա հստակ է: Եթե օրենքով սահմանաված կարգով պարզվի, որ այդ մարդիկ կատարել են չարաշահումներ, խախտել են Սահմանադրությամբ իրենց տրված լիազորությունները, ապա նրանք պաշտոնի հետ կլինեն անհամատեղելի: Իսկ կադրային փոփոխությունները նորմալ երևույթ, պետք չէ դա դիմավորել սվիններով: Բայց կադրային ջարդ, որպես այդպիսին, մեր սկզբունքներում չկա»:

Անդրդառանալով համայնքների խոշորացման խոշորացման գործընթացում հնարավոր փոփոխություններին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, թե առաջին փուլում հանրային քննարկումներ հասարակական սեկտորի հետ եղել է, իսկ երկրորդ փուլում համայնքները միավորվել են՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից․ - «Երկրորդ փուլում տեղի է ունեցել խայտառակ մի բան՝ արհեստական համայնքներ են միավորվել, որը արվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Սա անընդունելի եմ համարում և վստահեցնում եմ, որ առաջիկայում Հայաստանում հնարավոր չեն այնպիսի համայնքային միավորումներ, որոնք տեղի կունենան առանց հանրային լսումների, առանց համայնքների կարծիքը հաշվի առնելու»:

Սուրեն Պապիկյանը խոստացավ առաջիկայում լինել համայնքներում՝ տեղում խնդիրներին ծանոթանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG