Ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով Լեռնային Ղարաբաղում արդեն չորրորդ օրն ընթացող բողոքի ակցիաներին րոպեներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով դադարեցնել ցույցերը և հնարավորություն տալ իշխանություններին իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Այս պահին ճիշտ կլինի, որ ցուցարարները գնդակը թողնեն Արցախի իշխանությունների դաշտում», - նկատեց Հայաստանի վարչապետը, ընդգծելով, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի ոչ թե կոնֆլիկտի, այլ համաձայնության մթնոլորտում:
Երեկ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր կոչ արել Փաշինյանին միջամտել՝ Ղարաբաղում ներքաղաքական կայունությունը վերականգնելու համար:
Հիշեցնենք՝ անցած երեք օրերին ցուցարարները փակում էին Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին: