Քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը փակած ցուցարարները չեն ընդունել Արցախի նախագահ Բակո Սահակյանի առաջարկը և շարունակում են փակ պահել փողոցը:
Հիշեցնենք, անցած երեք օրերին ցուցարարները փակում էին Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։
Երեկ երեկոյան ԼՂ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ցուցարարների վեց հոգանոց խմբի հետ, և ինչպես այսօր խմբի անդամները փոխանցեցին փողոցում հավաքվածներին, նախագահն ասել է, թե պատրաստ է գնալ պաշտոնանկությունների, բայց կոնկրետ ժամկետներ չի նշել: Հանդիպման մասնակիցները փողոցը փակած ցուցարարներին հարցրեցին, թե արդյո՞ք ընդունում են Բակո Սահակյանի այս առաջարկը: Ցուցարարները հայտարարեցին, որ ոչ՝ շարունակելու են փակ պահել փողոցը:
Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին:
Ըստ ԼՂ ոստիկանության, վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, իրավապահները չեն մանրամասնում։
Արցախում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ երեկ մտահոգություն էր հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հորդորել էր «զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:
Ազատամարտիկների փողոցը այս պահին էլ շարունակում է փակ մնալ: Այն փակած ցուցարարների թիվը հասնում է 200֊ի, ինչը աննախադեպ մեծ թիվ է Ստեփանակերտի համար:
Զարգացումների կապակցությամբ հայտարարություն է տարածել Արցախի ոստիկանությունը՝ հորդորելով բացել փողոցը և բողոքի ակցիան իրականացնել Ստեփանակերտի պետական համալսարանի հրապարակում՝ նշելով, որ Ազատամարտիկների փողոցը շատ կարևոր է Ստեփանակերտի տրանսպորտային երթևեկության համար: