Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ և իր մտահոգությունը հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերի կապակցությամբ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Բակո Սահակյանն Արամ առաջինին է ներկայացրել իրավիճակը և դրդապատճառները։
Վեհափառ հայրապետն իր զորակցությունն է հայտնել ԼՂ նախագահին և Արցախի ժողովրդին՝ շեշտելով՝ «մեր ժողովրդի սիրելի զավակներն ու Արցախի իշխանությունները պիտի առաջնորդվեն խոհեմությամբ ու զգոնությամբ՝ հեռու մնալով այնպիսի մթնոլորտի ստեղծումից, որ կարող է վնասել Արցախի անվտանգությունը»։
Հիշեցնենք՝ անցած երեք օրերին ցուցարարները փակում էին Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին:
Ըստ ԼՂ ոստիկանության, վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, իրավապահները չեն մանրամասնում։
Արցախում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ երեկ մտահոգություն էր հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հորդորել էր «զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»: