Մատչելիության հղումներ

Իրենց «գործարարությունից» անտեղյակ մարդկանց թիվը կարող է անցնել 1000-ը. ԱԱԾ տնօրեն


Մարդկանց թիվը, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում, կարող է անցնել 1000-ը, կառավարության նիստից հետո «Ազատության» հարցին ի պատասխան ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«350 անձը, որ այդքան շահարկվեց, այս մասով 350 չէր՝ 460 էր և ավել։ Այն 11 կազմակերպությունները, որոնք ևս պետք է հրավիրվեն, դրանց մասով թիվը կհասնի, կարծում եմ, 1000-ի կամ ավել, չգիտեմ», - պատասխանեց Վանեցյանը։

Հիշեցնենք՝ լրատվամիջոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ Վանեցյանը հայտարարել էր, որ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Հայտարարությունից օրեր անց ԱԱԾ-ն 350-ի փոխարեն 461 թիվը հրապարակեց։

«Ազատություն» մասնավորապես հետաքրքրվել էր ԱԱԾ տնօրենից, թե կարելի՞ է ասել, որ այսքանով սահմանափակվեցին առաջին հայտարարության մասով բացահայտումները։

Նշենք, որ ըստ ԱԱԾ-ի, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգը», համաձայնություն ձեռք բերելով ՊԵԿ նախկին ղեկավարության հետ, խուսափել է խոշոր հարկերի վճարումից: Ըստ ԱԱԾ-ի՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը տարբեր անձանց անվամբ հիմնադրված 461 անհատ ձեռներեցներով առևտուր է իրականացրել և 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: Թե ովքեր են նախկին պաշտոնյաները, ԱԱԾ-ն չի մանրամասնել՝ միայն տեղեկացնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և կեղծ ձեռնարկատիրության հատկանիշներով։ Գործով ձերբակալվածներ չկան:

Նշենք, որ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, «Ազատությանն» ասել է, որ իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր: Ավելին, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատությանն» ասել էր, որ այն մեխանիզմը, որը գործել է ցանցային սուպերմարկետներում, ներդրվել է բոլորի իմացությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում, որին մասնակցել է նաև անձամբ ինքը:

«Ազատության» դիտարկմանը, թե «ասում են՝ Ձեր արածը բացահայտում չէր, Դուք արել եք մի բան, որը տարիներ շարունակ շատերին հայտնի է եղել», ԱԱԾ տնօրենն այսպես արձագանքեց. - «Պատկերացնում եք, չէ՞, թե ինչքան բաներ կարող են հայտարարել մարդիկ, որոնք այսքան տարիներ գործել են ապօրինի մեխանիզմներով»։

Հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննելու կարիք կա՞, Վանեցյանը պատասխանեց. - «Քննության ընթացքը ցույց կտա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG