Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական լվացքատան» գաղտնի ծրագրով 1.5 միլիոն դոլար է վճարվել ամերիկյան լոբբիստական ընկերությանը


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (OCCRP) համացանցային կայքն անցյալ շաբաթ բացահայտեց հավանաբար ապօրինի լոբբինգ ԱՄՆ-ում, որը ֆինանսավորվել է ադրբեջանական աղբյուրներից:

2018 թվականի մայիսի 23-ին հետաքննող լրագրող Ջոնի Ռեյթը տեղեկացրեց, որ «փողերի մի մասը, որ փոխանցվել է «ադրբեջանական լվացքատան» գաղտնի ծրագրով և ապօրինի հիմնադրամի միջոցով, որով 2012-ից 2014թթ. ընկած ժամանակահատվածում երկրից արտահոսել է 2.9 միլիարդ դոլար, ենթադրվում է, որ հայտնվել է ադրբեջանական կազմակերպության ձեռքում, որը Վիրջինիա նահանգում մեկ տասնամյակից ավելի վարձել է մի ընկերություն ԱՄՆ կառավարությանը լոբբինգ անելու համար»:

OCCRP-ն ավելի վաղ հաղորդել էր, որ «հիմնադրամից գումարներ են օգտագործվել Ադրբեջանի կառավարության քաղաքական օրակարգի առաջխաղացման համար, իսկ մի մասն էլ հայտնվել է եվրոպական քաղաքական գործիչներին պատկանող բանկային հաշիվներում, որոնք բարձր են գնահատել նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը, նույնիսկ այն ժամանակ, երբ նրա կողմից ձերբակալվում էին լրագրողներ և քաղաքական գործիչներ: Դրամական միջոցների իրական ծագումն անհայտ է՝ թաքնված գաղտնի կեղծ ընկերությունների հետևում: Սակայն կան բավարար ապացույցներ, որ դրանց հետևում կանգնած է ավտորիտար երկրի իշխող վերնախավը»:

Անցյալ շաբաթ OCCRP-ը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից ստեղծված երկու կեղծ ընկերություններն «ավելի քան մեկուկես միլիոն դոլար են փոխանցել Բաքվի մի խորհրդավոր Renaissance Associates անվամբ կազմակերպությանը», որն իր հերթին վարձել է «ամերիկյան մի ընկերություն՝ Ադրբեջանին գովաբանելու նպատակով, և իր ներկայացուցիչներն է ունեցել, որոնք հազարավոր դոլարների քարոզչական նվիրատվություններ են արել, այդ թվում՝ սենատորներին և ներկայացուցիչներին, որոնք նստած էին արտաքին օգնության բյուջեները որոշող հանձնաժողովներում»:

Այս ծրագրի կենտրոնում է Էլխան Սուլեյմանովը, որը «ղեկավարում է վարչակարգին նվիրված մի կազմակերպություն Բաքվում և որը կարծես թե ձեռք ձեռքի տված աշխատում է Renaissance-ի հետ, նույնիսկ օգտագործելով միևնույն գրասենյակային տարածքը ... Այլ գումարներ են վճարվել նախագահ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող նավթի և գազի հարցերով ազդեցիկ մի խորհրդատուի, որը ներկայացնում է գաղթականի հաջող պատմություն և ապրում է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, նույն այն ժամանակ, երբ նա ևս լոբբինգ է անում ԱՄՆ-ի կառավարությանը իր հայրենիքի անունից»:

Համաձայն OCCRP-ի՝ Metastar Invest-ը և Hilux Services-ը երկու օֆշորային ընկերությունները 1.7 միլիոն դոլար ընդհանուր գումարով 18 վճարում են կատարել Renessance Associates S.A.-ին 2012թ. սեպտեմբերից մինչև 2014թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ Լիխտենշտեյնում գտնվող Volksbank AG և Շվեյցարիայում գտնվող Privatbank IHAG Zurich AG բանկերի երկու առանձին բանկային հաշիվներից: Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում գտնվող Bob Lawrence & Associates (BL&A) լոբբիստական ընկերության կողմից ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտ ներկայացրած հաշվետվության մեջ ցույց է տրված, որ այն Renaissance-ից ստացել է 1.5 միլիոն դոլար, որը գրեթե հավասար է այն գումարին, որ ադրբեջանական կեղծ ընկերությունները փոխանցել են Renaissance-ին՝ BL&A-ի միակ միջազգային հաճախորդին:

2004 թվականից սկսած BL&A-ն զբաղվել է նախագահ Ալիևի այցով Սպիտակ տուն, իսկ երեք տարի անց կազմակերպել է նախագահ Օբամայի քարոզարշավի նախկին ղեկավար Դեյվիդ Փլուֆի այցը Բաքու և հանդիպումը ադրբեջանցի պաշտոնյաների հետ: BL&A-ն նաև լոբբինգ է արել՝ Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական հատկացումներ կատարելու համար, ընդդեմ Արցախի, և Ադրբեջանից դեպի Թուրքիա նավթամուղի համար: 2008-2016թթ. BL&A-ի նախագահ Բոբ Լորենսը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի առջև, առաջարկելով օտարերկրյա օգնություն տրամադրել Ադրբեջանին: Իր վկայության մեջ Լորենսը Հայաստանն անվանել է «ավազակապետություն... հստակ պաշտպանելով հանցագործներին», և որը խախտում է մարդու իրավունքները:

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի զեկույցներում նշվում է, որ BL&A-ն 2015թ. 250 հազար դոլար է վճարել Crane Group-ին Ադրբեջանի անունից վարձելու համար: Միևնույն ժամանակ, BL&A-ն պայմանագիր է կնքել նախկին կոնգրեսական Սոլոմոն Օրտիզի (դեմոկրատ, Տեխաս) և նրա Solomon P. Ortiz Holdings LLC ընկերության հետ, որպեսզի լոբբինգ անի ի նպաստ Ադրբեջանի:

OCCRP-ը նաև տեղեկացրել է, որ «2012- 2015թթ. ընկած ժամանակահատվածում, որպես լոբբիստ գրանցված անձինք, ուղղակիորեն կամ անուղղակիորեն գործելով Renaissance-ի անունից, հազարավոր դոլարներ են նվիրաբերել քաղաքական թեկնածուներին, այդ թվում՝ սենատորներին և ներկայացուցիչներին, որոնք ժամանակին նստած էին հատկացումների ենթահանձնախմբերում կամ ղեկավարում էին դրանք»:

Զարմանալիորեն և հավանաբար ապօրինի կերպով, BL&A-ն ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում չի գրանցվել որպես լոբբիստ Ադրբեջանի համար: Իր համացանցային կայքում BL&A-ն նշում է, որ «այն չի աշխատում, չի զեկուցում կամ ուղղություն չի ստանում Ադրբեջանի կառավարությունից կամ ադրբեջանական կառավարության որևէ անդամից»: OCCRP հայտարարել է, որ «2005 թվականին՝ Renaissance-ի հետ աշխատանքն սկսելուց մեկ տարի անց, Ադրբեջանի «Թուրան» անկախ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ նամակ էր ստացել, որով Renaissance-ի ճանաչվել էր որպես լոբբիստական կազմակերպություն, որը ներկայացնում էր Ադրբեջանի կառավարությունը Վաշինգտոն»:

Ավելին, «առնվազն 2006 և 2008թթ. BL&A-ի կայքը որպես իր հաճախորդ ավելի շուտ թվարկել էր Ադրբեջան երկիրը, քան Renaissance-ը: 2012թ. մայիսին BL&A-ն համաձայնել է ներկայացնել Ադրբեջանի դեսպանատունը և դա բացահայտել համաձայն FARA-ի [«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի], նախքան գրանցումն արագ չեղյալ հայտարարելը՝ պնդելով, թե որևէ ծառայություն չի իրականացվել և որևէ գումար չի ստացել»:

BL&A-ի կայքն ընդունում է, որ համագործակցում է Ադրբեջանում Քաղաքացիական հասարակության զարգացման ասոցիացիայի (ACSDA) հետ, որը Բաքվում գործող կառավարամետ կազմակերպություն է և ղեկավարվում է Ադրբեջանի խորհրդարանի անդամ Էլխան Սուլեյմանովի կողմից: Համաձայն BL&A-ի կայքի՝ Renaissance-ը «աջակցում և սնում է ACSDA-ին: Երկու կազմակերությունները գտնվում են Բաքվի միևնույն հարկաբաժնում»: OCCRP-ը տեղեկացրել է նաև, որ «երբ 2016թ. ապրիլին ACSDA-ն ստորագրել է եռամսյա պայմանագիր ամերիկյան Greenberg Traurig լոբբիստական ընկերության հետ, ընկերության՝ FARA-ին ներկայացրած դիմումը ցույց է տալիս, որ ամսական 25 հազար դոլար վճարումները կատարվել են Renaissance-ի կողմից»:

OCCRP-ի ծավալուն զեկույցը բացահայտում է բազմաթիվ այլ լոբբիստական գործողություններ, որոնք ֆինանսավորվել են այս գաղտնի ապօրինի հիմնադրամի կողմից: Այս բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն ԱՄՆ Կոնգրեսին՝ պահանջելով մանրակրկիտ հետաքննություն: Դատական հայց պետք է ներկայացվի ընդդեմ BL&A-ի՝ արգելափակելու նրա չգրանցված լոբբիստական արշավները...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Facebook Forum

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG