Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մայիսի 28-ին կազմակերպված՝ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին չէր մասնակցում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Ազատության» հարցին՝ ինչու՞ ԱԺ նախագահը վարչապետի և նախագահի հետ ներկա չէր միջոցառումներին, խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պատասխանեց.
«Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն, միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում: Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ՝ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում:
Ավելին՝ երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում: Այսպիսով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդիրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»:
Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը չհրավիրելու մասին «Ֆեյսբուքի» իր էջում մտահոգություն է հայտնել նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Առաջին Հանրապետության ծննդյան և Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է եղել։ Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որևէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։ Պետության վերականգնումը խորհրդանշող օրը նաև պետական ինստիտուտների վերարժևորման և գնահատման օր է՝ անկախ օրվա հերոսներից, գործող անձերից և «նոր իրողությունններից»։
Զարմանալի է, երբ իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա տոնակատարություններին ԱԺ-ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը»,- մասնավորապես, գրել է Աշոտյանը։