Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարար․ Հայաստանը իր պատմության շրջադարձային փուլում է


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը (ձ) և Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը (ձ) և Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը այսօր Երևանում հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումը ընդունելի չեն, և պետք է ավելի պրագմատիկ և կրեատիվ ձևով մոտենալ հարցին։

Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ նա Ղարաբաղի հարցին այլևս չանդրադարձավ, փոխարենը հայտարարեց, որ հպարտ է՝ ինքը առաջին արտգործնախարարն է, ով այցելում է նոր Հայաստան և հանդիպում է Հայաստանի նոր ղեկավարների հետ։

Նրա խոսքով, Ֆրանսիան շարունակելու է մնալ Հայաստանի կողքին և աջակցելու է ժողովրդավարության կառուցման գործում․ - «Հայաստանը իր պատմության շրջադարձային փուլում է, և սա ոչ թե [Առաջին] հանրապետության հարյուրամյակի, այլ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների իմաստով: Մենք ողջունում ենք այն պատասխանատվությունը, որը դրսևորեցին քաղաքական ուժերը և ժողովուրդը, ինչի արդյունքում էլ Հայաստանը մայիսի 8-ին նոր վարչապետ ունեցավ»։

Ֆրանսիայի արտգործնախարարը Հայաստանի իր պաշտոնակից Զոհրապ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները պետք է է՛լ ավելի խորանան։

Նա փոխանցեց, որ քննարկել են նաև Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները․ Ֆրանսիան այս հարցում ներգրավված է և Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որ ստորագրվել է Հայաստանի հետ, եզակի է։

Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանն իր հերթին հայտարարեց, որ կարևորում են Ֆրանսիայի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ - «Այս համատեքստում մենք վերահաստատում ենք Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը»:

Նախարարները խոսեցին նաև այս աշնանը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից։ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, որ սա շատ կարևոր իրադարձություն է․ - «Նախագահ Մակրոնի պաշտոնական այցը Հայաստան շատ կարևոր իրադարձություն է լինելու մեր երկու երկրների համար: Մենք միասին պետք է նախապատրաստենք այն ամենը, ինչը կարող է ավելի մեծ իմաստ և ուժ հաղորդել այս այցին։ Ֆրանկոֆոնիայի համաժողովը նույնպես կարևոր իրադարձություն է, մեծ թվով պատվիրակություններ են այցելելու Հայաստան»:

Հայաստանի արտգործնախարարը խոստացավ, որ ամեն ինչ կազմակերպվելու է բարձր մակարդակով․ - «Վերահաստատվեցին ինչպես Հայաստանի կողմից բարձր մակարդակով այս կարևորագույն միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու հանձնառությունը, այնպես էլ ֆրանսիական կողմից բարձրագույն մակարդակով մասնակցությունն ու գագաթաժողովի աշխատանքներին ակտիվ ներգրավվածությունը»:

Այսօր տեղի է ունեցել նաև Զարգացման ֆրանսիական գործակալության և Տնտեսական համագործակցության համար խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո)՝ Հայաստանում հաստատման և գործունեության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Ֆրանսիայի արտգործնախարարից բացի, Երևանում է նաև ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ով այսօր հանդիպելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել է նրան այդ պաշտոնում ընտրվելու և իշխանության խաղաղ փոխանցման համար:

Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության, Բրինքը ողջունել է վարչապետի ստանձնած հանձնառությունը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, և առաջարկել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հակակոռուպցիոն աշխատանքներում:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը Բրինքը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել նոր կառավարության հետ երկկողմ կապերի ամրապնդման և դեպի Հայաստան հավելյալ ամերիկյան ներդրումների ներգրավման ուղղությամբ:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը և նշել, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը և կողմերի հետ ակտիվորեն աշխատելու է Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG