Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը կնախընտրեր արտահերթ ԱԺ ընտրությունների գնալ «մեկ համաժողովրդական ցուցակով


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան:

Առաջին Հանրապետության ստեղծման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարություններին այսօր Սարդարապատի հուշահամալիրում մասնակցում էին ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: «Ազատությանը» հաջողվեց հարցեր ուղղել նրանցից ոմանց:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում վերջնականապես ժողովրդավարություն ու օրինականություն կհաստատի։

Խորհրդարանական վերջին ընտրություններին ընդդիմադիր «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը գլխավորող Օհանյանն այսօր մասնակցում էր Սարդարապատի հուշահամալիրում անցկացված տոնական միջոցառմանը:

«Ազատության» հետ զրույցում, բարձաստիճան զինվորականը չհստակեցրեց, հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում արդյո՞ք կվերադառնա ակտիվ քաղաքականություն․ - «Եթե անհրաժեշտություն լինի, դրա մասին կասեմ»:

Օհանյանն ասաց, որ պատրաստ է օժանդակել նոր Կառավարությանը․ - «Առայժմ՝ որպես Հայաստանի Հանրապետության օրինակելի քաղաքացի»:

Սարդարապատում էր նաև «ՕՐՕ» դաշինքի մյուս ներկայացուցիչը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են․ - «Ինձ կարող եք ընկալել որպես շարքային քաղաքացի, ընտրող: Եթե անհրաժշետություն լինի, նախ ընտրությունս այն է, որ լինի մեկ համաժողովրդական ցուցակ: Որովհետև վտանգները տակավին մեր առջև են, և պետք է ամրապնդենք այս ժողովրդական նվաճումները ոչ միայն ուղղահայաց, այլև հորիզոնական»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել աշնանը: Դրա համար, սակայն, հարկավոր է խորհրդարանում մեծամասնություն կազմող հանրապետականների համաձայնությունը:

Վերջիններս, մինչդեռ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունն այս պահին չեն տեսնում։ Անցյալ շաբաթ Հանրապետական խմբակցության ղեկավարը խորհրդարանում հայատարարեց, որ իրենք ոչ թե արտահերթ, այլ 2022 թվականին նախատեսված ԱԺ հերթական ընտրությանն են նախապատրաստվում։

«Ելք» խմբակցության պատգամավոր, հեղափոխության առաջնորդներից Սասուն Միքայելյանը այսօր հայտարարեց, որ մինչև տարեվերջ օրինական ճանապարհով անցկացնելու են արտահերթ ընտրություններ․ - «Այսօրվա Ազգային ժողովը ոչ լեգիտիմ Ազգային ժողով է, և իրենք պիտի գիտակցեն, որ Ձեր ասած այդ ուժի ճնշման ներքո, ընտրակաշառքի բաժանման արդյունքում են եկել Ազգային ժողով: Եվ պիտի հասկանան, որ էս ամեն ինչով հանդերձ, մենք պիտի կարողանանք նորմալ ընտրություն տանենք, որպեսզի ժողովուրդը նորմալ Ազգային ժողով ընտրի»:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություն բոլոր դեպքերում լինելու է, և Դաշնակցությունը պատրաստ է դրան», - հայտարարում է նոր Կառավարությունում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը զբաղեցնող Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, վստահության բարձրացման համար ընտրական համակարգը պետք է նախ փոփոխության ենթարկվի․ - «Այն, որ այսօր խորհրդարանի ներկայացրած հարաբերակցությունը ակնհայտորեն չի համապատասխանում մեր իրողություններին, դա փաստ է: Սակայն երբ, ինչ ժամկետում և ինչ հիմնական գործողությունները անելուց հետո պետք է խորհրդարանական ընտրությունների լինեն, ես կարծում եմ, նաև առաջիկա կառավարության ծրագրի [քննարկման] ժամանակ վարչապետը ավելի մանրամասն կներկայացնի»:

Մինասյանը մտավախություն չունի և համաձայն չէ այն տեսակետի հետ, թե նոր Կառավարությունն իր երիտասարդ կազմի պատճառով կարող է ձախողել․ - «Զգուշավորություն պետք է, բայց մտավախություն չկա: Որովհետև որևէ մեկը չի ծնվել նախարար կամ չի ծնվել միանգամից կառավարման հմտությունները ձեռք բերած: Շատ կարևոր է արագ և մեր սկզբունքներին համահունչ առաջ գնալ»:

Առաջիկա օրերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին կներկայացնի կառավարության գործունեության ծրագիրը: Այն հաստատելուց դեպքում Ազգային ժողովը առնվազն մեկ տարի չի կարող պաշտոնանկ անել վարչապետին։ Այդ ընթացքում, ըստ Սահմանադրության, արտահերթ ընտրություններ կարող են անցկացվելմիայն այն դեպքում, եթե Փաշինյանը հրաժարական տա և խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG