Ավելի քան երեք հարյուր մշակութային և հասարակական գործիչներ Գերմանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլ երկրներից բաց նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և արտգործնախարար Հեյկո Մաասին՝ կոչ անելով ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները փրկելու Ռուսաստանում 20 տարվա ազատազրկման դատապարտված և արդեն 13 օր հացադուլի մեջ գտնվող ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովին։
Նամակում մասնավորապես ասված է․ - «Օլեգ Սենցովը մարտի 14-ից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ <...> հաշվի առնելով ստեղծված իրավիճակի բարդությունը մենք չենք կարող աչք փակել նրա վրա։ Սենցովը չպետք է դառնա ռուսաստանյան քաղաքական արդարադատության զոհը։ Մենք կոչ ենք անում անել հնարավորը Օլեգ Սենցովի կյանքը փրկելու համար և նպաստել, որպեսզի ազատ արձակվեն Ռուսաստանում ուկրաինացի բոլոր քաղբանտարկյալները»։
Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Սենցովն իր փաստաբանին նամակ էր փոխանցել, որում նշված էր, որ Ռուսաստանում 64 ուկրաինացի քաղբանտարկյալ կա: Անձամբ իրեն ազատ արձակելու պահանջ նա չի դրել, հայտարարելով, թե ինքը կա՛մ կզոհվի, կա՛մ ուկրաինացի քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն:
Ռուսաստանի հատուկ ծառայությունները Օլեգ Սենցովին և ակտիվիստ Ալեքսանդր Կոլչենկոյին Ղրիմում ձերբակալել են 2014 թվականին՝ նրանց մեղադրելով Ղրիմում ահաբեկչական գործողություններ պլանավորելու մեջ: 2015-ին Դոնի Ռոստովի դատարանը Օլեգ Սենցովին դատապարտել է 20 տարվա, իսկ Կոլչենկոյին՝ 10 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրանքը չեն ընդունել: «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը նրանց քաղբանտարկյալ է ճանաչել, իսկ Ռուսաստանի իշխանությունները նրանց ընդգրկել են «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցանկում:
Օլեգ Սենցովը պատիժը կրում է Յամալո-Նենեցկի ինքնավար մարզում գտնվող խիստ ռեժիմի գաղութում:
Նշենք, որ մարտի 18-ին Մերկելն այցելել էր Սոչի, հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մայիսի 10-ին էլ Մոսկվա էր այցելել Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը։