Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Ֆրանսիայի արտգործնախարարը


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Հայաստանի նոր իշխանությունների հետ բանակցելու նպատակով առաջիկա երկուշաբթի Երևան է ժամանելու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Այս մասին այսօր «Ազատությանն» ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը։ Նա հայտարարեց նաև, որ Ֆրանսիան ակնկալում է համագործակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ։

«Ինչպես գիտեք՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները միշտ էլ հիանալի են եղել: Ֆրանսիայի արտգործնախարարը ժամանում է Հայաստան՝ քննարկելու համագործակցության նոր ուղղությունները: Հատկապես կարևոր է այս աշնանը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման հարցը»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Ժան-Իվ Լը Դրիանը մասնակցելու է նաև այդ օրերին Հայաստանում անցկացվելիք՝ առաջին հանրապետության հռչակման օրվա տոնակատարություններին։

Այսօր Երևանում Գերմանիայի դեսպանատանը Եվրոպայի օրերի շրջանակում բաց դռների օր էր։ Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նույնպես շնորհավորեց Հայաստանի նոր կառավարությանը, ասելով՝ մարդիկ նոր իշխանությունների հետ մեծ հույսեր են կապում, և իրենք կարծում են, որ այդ հուսերը պետք է արդարացվեն։ Գերմանիան էլ պատրաստ է աջակցել ՀՀ նոր իշխանություններին։ «Կառավարության հետ քննարկումների միջոցով մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք աջակցել իրենց ապագայում, բայց նախ՝ մենք պետք է տեսնենք կառավարության ծրագիրը»,- ասաց Մաթիաս Քիսլերը։

Հարցին՝ ինչ փուլում է Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը, Գերմանիայի դեսպանը պատասխանեց՝ այդ հարցը դեռ օրակարգում չէ, բայց Հայաստանի իշխանությունները կարող են քայլեր ձեռնարկել։ «Հայաստանը կարող է անել այն, ինչ այս պահին կարող է անել, օրինակ՝ բարելավել սահմանային կառավարումը, այլ քայլեր ձեռնարկել, այսինքն՝ պատրաստվել, մինչև մենք կունենանք վիզաների ազատականացման գործընթաց»,- ասաց ԳԴՀ դեսպանը։

Նույն հարցի հետ կապված՝ Ֆրանսիայի դեսպանն էլ նշեց, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը մի շարք պայմանների հետ է կապված և պետք է քննարկվի Եվրոպական միության շրջանակներում։ «Իհարկե՝ մենք բոլորս ակնկալում ենք վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կբավարարի ներկայացված պայմաններին»,- ասաց Ժոնաթան Լաքոթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG