Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր առաջին անգամ խորհրդարանում էր


ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանը անցավ բավական հանգիստ մթնոլորտում:

Հնչեց 8 հարց, որից 4-ին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Մինչ այդ, Աժ նախագահ Արա Բաբլոյանը ողջունեց նոր կառավարությանը՝ ընդգծելով, որ հետևելու են Նիկոլ Փաշինյանի խոստումների կատարմանը․ - «Այս ձևաչափը՝ հարց ու պատասխանների միջոցով, մեզ թույլ կտա հետևել ձեր գործունեությանը ու խոստումների կատարմանը»:

Հարցերից առաջ Հանրապետական պատգամավորները շնորհավորում էին Փաշինյանին ու իր կառավարությանը։

Արմեն Աշոտյանը հարցրեց, թե ինչ քայլեր է ձեռնարկել Կառավարությունը Եվրամիության հետ համաձայնագիրը կյանքի կոչելու համար, և արդյոք նոր Կառավարությունը կդիմի Եվրամիության գործընկերներին դրամական աջակցությունը մեծացնելու հարցում․ - «Լսեցի Եվրամիության դեսպանի պատրաստակամությունը մինչև 25 տոկոս ավելացնել գումարները: Լավ է հնչում, բայց երբ որ բաժանում ենք երեք տարվա վրա, ստացվում է, որ Հայաստանում իշխանափոխության հավելյալ աջակցության կապիտալիզացիան ընդամենը 13 միլիոն եվրո է տարեկան: Կարծում եմ, Դուք Ձեր ջանքերը, և մենք ստեղծված հնարավորությունները ավելի թանկ պետք է գնահատենք»:

«Ես չեմ կարծում, թե մենք պետք է շարունակենք այդ կարգավիճակը, որ անընդհատ դրսի ձեռքին նայենք, թե մեզ ինչքան գումար կտան: Մենք կարծում ենք, որ Հայաստանում էլ կան ռեսուրսներ, այդ ռեսուրսների մի զգալի մասը ստվերում է, գուցե թե օֆշորային գոտիներում էլ կան հայկական ռեսուրսներ: Եվ ընդհանրապես հայ ժողովրդի շրջանում նույնպես կան ռեսուրսներ: Մենք կարծում ենք նաև, որ այս իմաստով մենք Հայաստանի կարգավիճակի որոշակի փոփոխություն պետք է արձանագրենք», - պատասխանեց վարչապետը:

Հանրապետական Միհրան Հակոբյանի հարցը վերաբերում էր ռուսաստանյան նոր սպառազինությանը․ - «Հանրային հեռուստատեսությունը հայտնեց, որ մոտ ժամանակներս Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մատակարարել ТОР հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերը: Խնդրում եմ պատասխանեք՝ ե՞րբ է ձեռք բերվել այս պայմանավորվածությունը»:

Նիկոլ Փաշինյանի պատասխանը․ - «Հասկանալի է, կարծում եմ, որ հարցի ուղիղ պատասխանը պարունակում է պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Ես կարող եմ ասել միայն, որ Սոչի կատարած այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում մենք խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին»:

Կարեն Բեքարյանը (ՀՀԿ) արտգործնախարար Զոհրապ Մնացականյանից ղարաբաղյան բանակցությունների ճակատագրով հետաքրքրվեց․ - «Կա՞ արդեն հստակություն մեր դիրքորոշումներում, մենք շարունակականությա՞ն վրա ենք, թե՞ ինչ-որ փոփոխություն ունենք»:

Արտգործնախարարի արձագանքը․ - «Մեզ համար շատ էական է պահպանել դինամիկան գործընթացի, որովհետև դրա հիմքում դրված է հանձնառությունը շարունակել խաղաղ գործընթացը՝ բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG