Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կառավարման համակարգում ծառայողական ավտոմեքենաների հարցին՝ դիմել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և նշել, որ պետք է գույքագրել ծառայողական ավտոմեքենաները և նրանց ծախսը՝ հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր իրականացնել:
Արարատ Միրզոյանը նշել է, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ինչը բյուջետային ծախսերի եղած միջոցների վատնում է:
«Տեղեկության համար ուզում եմ ասել, որ առաջին փոխվարչապետի գրասենյակին հատկացված էր հինգ մեքենա, բնականաբար, մենք հրաժարվել ենք երեքից, երկուսի նպատակահարմարությունը դեռ կքննարկենք: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է գրասենյակի համար նախատեսված չորս մեքենաներից երկուսից: Ես առաջարկում եմ մյուս նախարարներին այս մոտեցմամբ վերանայել նախարարությունների տրամադրության տակ եղած սպասարկող ծառայողական մեքենաների ամբողջ պարկը, մոտեցումները», - ասել է առաջին փոխվարչապետը:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է գործուղումների խնդրին՝ նշելով, որ երբեմն դրանք վերածվում են տուրիստական շրջագայության:
«Խնդրում եմ ուշադրություն դարձնել, թեկուզ նախարարությունների հետ աշխատել և ուսումնասիրել գործուղումների հարցը, որովհետև իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբեմն դրանք վերածվում են տուրիստական շրջագայությունների», - նշել է նախարարը: