Մատչելիության հղումներ

«Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքին պետք է վերջ տալ». մեկնարկել է կառավարության նիստը


Մեկնարկել է Փաշինյանի կառավարության անդրանիկ նիստը։

Նիստի հիմնական օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երթևեկության կանոնների խախտումների պատճառով կուտակված հսկայական տուգանքների հարցին։

«Հսկայական տույժ, տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է՝ դրա հնարավորությունը չունենալու պատճառով: Մենք պետք է մեխանիզմներ մտածենք այդ պարտքը ներելու մասին: Երկրորդ՝ պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջան, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա՝ մտածել այդ մասին, դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու համար: Կամ առնվազն մենք պետք է այդ պրակտիկան շատ արագ, հենց այսօրվանից դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջարկեց քննարկել մեխանիզմներ՝ պարտքը ներելու վերաբերյալ։

«Ես նախկինում էլ ասել եմ, որ մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքին պետք է վերջ տալ», - ասաց վարչապետը։

Փաշինյանն անդրադարձավ շարժման ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնություններին՝ ոստիկանպետին հանձնարարելով արագ ավարտել քննությունը, քննարկել նաև քաղաքացիներին փոխհատուցում տալու հարցը։

«Պարոն Օսիպյան, մենք դրա մասին խոսել ենք՝ քաղաքական պրոցեսների ընթացքում՝ ապրիլին, մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ հարձակումներ են տեղի ունեցել և ավտոմեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից։ Ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն։ Մենք պետք է այս համատեքստում լուծենք նաև այդ տուժած քաղաքացիների խնդիրը, որովհետև նրանց ավտոմեքենաները ջարդվել են։ Պետք է հասկանալ, թե ո՞վ է այդ պատասխանատվությունը կրելու, բացի այդ համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG