Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը կունենա երկու նախարար․ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ


Ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության համաձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը երկու նախարար կունենա Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

Նրա խոսքով, այդ պայմանավորվածության համաձայն, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը կնշանակվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ պաշտոնապես չի կարող հաստատել այդ լուրը, քնարկումները դեռ շարունակվում են, և նոր նշանակումների մասին հայտնի կդառնա մինչ օրվա ավարտը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ նոր կառավարությունում ներկայացված կլինի նաև «Ծառուկյան» դաշինքը։ Կառավարությանը մաս կազմելու դեպքում «Ծառուկյանը» նախևառաջ փորձելու է կյանքի կոչել դեռևս 2017 թ․ նախընտրական շրջանում առաջ քաշած 15 կետերը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց խմբակցության պատամավոր Գևորգ Պետրոսյանը, ընդգծելով՝ այդ կետերի մեջ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար առաջնահերթություն համարվող ընտրական օրենսդրության բարեփոխումը։

Թե ովքեր կլինեն «Ծառուկյան» դաշինքի առաջարկած նախարարները և քանի պորտֆել կունենան, Պետրոսյանն այդ մասին դեռ չգիտի: Բանակցողները, նրա խոսքով, Ծառուկյանն ու Փաշինյանն են։ Գևորգ Պետրոսյանը, սակայն նշում է՝ իրենց համար նախընտրելի կլինեին տնտեսական բլոկի նախարարական պորտֆելները։

Կառավարության կառուցվածքի մասին օրենքի համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը բաղկացած է լինելու 17 նախարարություններից: Նախատեսված են առաջին փոխվարչապետի և երկու փոխվարչապետերի պաշտոններ։ Ըստ Սահմանադրության, Փաշինյանն առաջիկա տասը օրերին պետք է ամբողջությամբ ձևավորի իր կաբինետը, որից հետո արդեն քսանօրյա ժամկետում խորհրդարանին պետք է ներկայացնի կառավարության գործունեության ծրագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG