Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել նոր կառավարության ձևավորումից հետո։
Արթուր Նալբանդյանը, ով նաև Հանրապետական կուսակցության մարզային խորհրդի նախագահն է, այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց՝ իրեն պատկերացնում է թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանական դաշտում, բայց քաղաքական նոր իրավիճակի պայմաններում ճիշտ է համարում հեռանալ կառավարության կողմից նշանակվող այս պաշտոնից։
«Չեմ ուզում որևէ բան անձնավորել, համենայնդեպս ճիշտ չեմ համարում, որ քաղաքական այս պաշտոնում ես շարունակեմ իմ աշխատանքը՝ հաշվի առնելով մի կարևոր հանգամանք. յուրաքանչյուր նորաստեղծ կառավարություն պետք է իր աշխատանքային թիմը, տվյալ կոնկրետ կառավարությունը ձևավորի, որովհետև դա շատ եմ կարևորում, և այն պատասխանատվությունը, որ այսօր կրում է կառավարությունը, պետք է իր թիմի հետ համատեղ կրի։ Սա ինձ համար շատ կարևոր սկզբունք է, և այս առումով ոչ մեկ չի ասել, որ մարզպետի պաշտոնը պապական պաշտոն է և ցմահ պաշտոն է։ Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ սա քաղաքական պաշտոն է և մի օր քաղաքական իրադարձությունների փոփոխման հետ կապված նաև ես պետք է իմ աշխատանքը թողնեմ», - մեկնաբանեց Նալբանդյանը:
Լոռու մարզպետը երեկ աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ, և ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «հորդորել նրանց աշխատել բնականոն հունով, գործառույթներն իրականացնել ամենաբարձր մակարդակով»։ «Ազատությանն» ասաց՝ անցած մեկ ամսվա ընթացքում՝ համաժողովրդական շարժման օրերին, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներն աննախադեպ նվազել են։
«Դա անհանգստացրել է մարզային իշխանությանը և ամեն ինչ անելու են բացթողումը լրացնելու և հաջորդ թիմի համար աշխատանքային խնդիրներ չստեղծելու համար», - նշեց նա: - «Չունենք այն մտածելակերպը, թե մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ, և մենք երբեք մարզպետարանում քաոսային վիճակ չենք ստեղծելու, այլ ընդհակառակը, մենք ամեն ինչ անելու ենք, որ նորմալ, մակարդակով գործառույթները հանձնենք նոր կառավարությանը»։
Երեկ Հաղթանակի օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում մարզպետը նշել էր․ - «Ներկայիս տոնն առավել հուզական է, քանզի մեր հինավուրց պատմության տարեգրության մեջ այս օրերին արձանագրվում է ևս մի բացառիկ էջ՝ երկրում շրջադարձային բարեփոխումներ կատարելու երիտասարդության ու ժողովրդի աներեր կամքի արտահայտությամբ»:
Այսօր Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումից հետո մարզպետն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ անցած մեկ ամսում տեղի ունեցածը ժողովրդի միասնականության և համախմբվածության արդյունք է․ - «Եթե հայ ազգը, հայ ժողովուրդը հասավ իր նպատակին, որտեղ քաղաքական պրոցեսների մեջ եղան փոփոխություններ, իհարկե, դա ժողովրդի հաղթանակ եմ համարում»։