Մատչելիության հղումներ

Մայիսի 8-ի հանրահավաքին ընդառաջ Ucom-ը շարժական կայան է ավելացրել Հանրապետության հրապարակում


Մայիսի 8-ին նախատեսված «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին ընդառաջ Ucom ընկերությունը շարժական բջջային կայան է տեղադրել Հանրապետության հրապարակի մատույցներում, բացի այդ բոլոր երեք բջջային օպերատորները աշխատանքներ են տարել իրենց ցանցերի հզորությունն ավելացնելու ուղղությամբ:

«Ucom-ի շարժական կայանն այժմ Հանրապետության հրապարակում է։ Մարդաշատ հանդիպումներից առաջ սովորական նախապատրաստական աշխատանք է ի լրումն տվյալ տարածքում արդեն 2.5 անգամ հզորացրած կապի», -քիչ առաջ Թվիթերում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Այսօր ավելի վաղ էլ հայաստանի խոշորագույն բջջային օպերատորից՝ Վիվասել-ՄՏՍ-ից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ հաշվի առնելով Հանրապետության հրապարակում մարդկանց մեծ կուտակումները՝ բջջային ցանցը Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում աշխատել է գերծանրաբեռնված պայմաններում, ինչի հետ կապված ընկերությունն իրականացրել է կապուղիների թողունակության ավելացում:

Beeline֊ից ևս «Ազատությանը» տեղեկացրել էին, որ «այդ նպատակով օգտագործվում են բոլոր հասանելի տեխնիկական հնարավորությունները և մարդկային ներուժը»։

Նշենք, որ «Իմ քայլը» շարժման բողոքի ակցիաների և հանրահավաքների ժամանակ թե՛ լրատվամիջոցների, և թե՛ ակտիվիստների կողմից ինտերնետային հեռարձակումների հետ կապված՝ ապրիլի կեսերից Հայաստանում կտրուկ կերպով աճել են սպառվող ինտերնետի ծավալները, ինտերնետ և բջջային կապ տրամադրող ընկերությունները աշխատել են գերբեռնված ռեժիմում, արձանագրվել են կապի խափանումներ հատկապես Հանրապետության հրապարակում, որտեղ հանրահավաքների ժամանակ մարդկանց աննախադեպ մեծ կուտակումներ էին լինում:

XS
SM
MD
LG