Մատչելիության հղումներ

Կառավարական առանձնատունը «չի կարող լինել որևէ մեկի սեփականությունը»


Ինչպես «Ազատությանն» այսօր տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից օրեր առաջ ազատված Վարուժան Գրիգորյանը, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո Սերժ Սարգսյանը շարունակում է բնակվել կառավարական նույն առանձնատանը, որը նրան, որպես նախկին նախագահի, անհատույց, սեփականության իրավունքով տրամադրվել էր Կառավարության կողմից:

«Ամսի 4-ի դրությամբ ինքը ապրում էր էնտեղ», - ասաց Գրիգորյանը:

Մարտի՝ 19-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Կառավարության միակ նիստին, նախկին նախագահը իր վարչապետության դեմ մեկնարկած բողոքի միջոցառումներին զուգահեռ հայտարարեց, որ հրաժարվում է պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից․ - «Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար: Բայց այսօր ես եմ Կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստը անցկացնողի բազկաթոռին: Սա այլ իրավիճակ է, ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ: Այսինքն այսօր: Պարոն Գևորգյան, խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարդկանց, որպեսզի որոշման նախագիծ պատրաստեն, որպեսզի հաջորդ նիստի ժամանակ մենք ընդունենք: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ»:

Այդուհանդերձ նոր վարչապետի ընտրությունից մեկ օր առաջ՝ այսօր, կառավարությունից փոխանցեցին, որ մինչև այժմ գործադիրը որոշում չի ընդունել Սերժ Սարգսյանին՝ «կառավարական դաչայում» գտնվող առանձնատան սեփականության իրավունքից զրկելու վերաբերյալ:

«Պաշտոնաթող նախագահը շարունակում է բնակվել նշված հասցեում՝ մինչև համապատասխան որոշման ընդունումը», - նշվում է Կառավարության լրատվական ծառայության պատասխանում:

Հրաժարվելով կառավարական առանձնատան սեփականության իրավունքից՝ Սերժ Սարգսյանը գործադիրի անդամներին ասել էր․ - «Այդ հարցին կարող եք անդրադառնալ, երբ այս բազկաթոռին նստած կլինի ուրիշ վարչապետ»:

Արդյո՞ք վաղը վարչապետ ընտրվելու դեպքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործադիրը կընդունի որոշում զրկելով Սերժ Սարգսյանին կառավարական առանձնատան սեփականության իրավունքից: Այս հարցին ի պատասխան Փաշինյանի քաղաքական թիմի անդամ Տիգրան Ավինյանն ասաց․ - «Մենք նման հարց դեռևս չենք քննարկել, բայց ես ինձ վրա կվերցնեմ այդ պատասխանատվությունը և կասեմ՝ այո, պատրաստվում է: Այդ առանձնատունը, որը պատկանել է Հայաստանի բոլոր իշխանությունների ժամանակ առաջին դեմքերին, այսինքն՝ օգտագործվել է, շահագործվել է առաջին դեմքերի կողմից, նույն ձևով շարունակելու է իր գործառույթը: Այդ շենքը չի կարող լինել որևէ մեկի սեփականությունը, դա լինելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը»:

Վարչապետ ընտրվելու պարագայում արդյոք ինքը՝ Փաշինյանը, կտեղափոխվի կառավարական որևէ առանձնատուն: Այս հարցի կապակցությամբ, ընդդիմադիր շարժման ներկայացուցչի փոխանցմամբ, դեռ որոշում չկա:

Խորհրդային շրջանից երկրի գործող ղեկավարության համար նախատեսված՝ Ձորափի փողոցի կառավարական առանձնատների հատվածում, Սերժ Սարգսյանին անհատույց հատկացված առանձնատունը հարակից շինություններով ու սպասարկման 1,5 հեկտար տարածքով, ինչպես և նախկինում գտնվում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, տեղեկացրին կառավարությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG