Մատչելիության հղումներ

Պենտագոնի Կիբեռ Հրամանատարության կարգավիճակը բարձրացվել է, նշանակվել է նոր ղեկավար


ԱՄՆ – Գեներալ լեյտենանտ Փոլ Նակասոնեն պատասխանում է սենատորների հարցերին, Վաշինգտոն, 15-ը մարտի, 2018թ․
ԱՄՆ – Գեներալ լեյտենանտ Փոլ Նակասոնեն պատասխանում է սենատորների հարցերին, Վաշինգտոն, 15-ը մարտի, 2018թ․

Պետնագոնի կիբեռ-պատերազմական ստորաբաժանումը ստացել է անկախ «միացյալ հրամանատարության» կարգավիճակ՝ իր կարևորությամբ առաջին անգամ հավասարվելով ամերիկյան մյուս 9 ռազմական հրամանատարություններին: Բացի այդ, ԱՄՆ կիբեռ-հրամանատարությունում նոր ղեկավար է նշանակվել՝ Գեներալ-լեյտենանտ Փոլ Նակասոնեն:

«Այս փոփոխությունը ազդանշում է այն գիտակցությունը, որ հասունացել է պատերազմական գործողություններ մղելու նոր դաշտ», - Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Պատրիկ Շանահանը:

Ամերիկացի պաշտոնյան այս հայտարարությամբ է հանդես եկել Ֆորթ Միդում, որտեղ տեղակայված է նորաստեղ Ինտեգրված Կիբեռ Կենտրոնը: Ենթադրվում է, որ այն կսկսի գործել այս տարվա օգոստոսից և նախատեսված է կիբեռ սպառնալիքների մոնիթորինգ իրականացնելու և դրանց արձագանքելու ջանքերը կոորդինացնելու համար:

«Մենք պատրաստ ենք գործարկել մեր կիբեռ առաքելության զորքերը», - հայտարարել է Կիբեռ հրամանատարության փոխտնօրեն, գեներալ-լեյտենանտ Վինսենթ Սթյուարտը:

Ուշագրավ է, որ Կիբեռ հրամանատարության նորանշանակ ղեկավար Նակասոնեն ուրբաթ օրը միաժամանակ ստանձնել է նաև Ազգային անվտանգության գործակալության (NSA) տնօրենի պաշտոնը:

Այսպիսով, փաստորեն, Սնոուդենի բացահայտումներից հայտնի NSA-ի ողջ հզորությունը և Կիբեռ հրամանատարության հնարավոր հակազդեցության միջոցները կենտրոնացվում և ղեկավարվում են նույն անձի կողմից:

Նշենք, որ մարտին ԱՄՆ Կոնգրեսում իր նշանակման հարցով լսումների ժամանակ Նակասոնեն արտահայտվել է կիբեռսպառնալիքներին ավելի վճռականորեն հակազդելու օգտին, մասնավորապես, երբ խոսքը վերաբերել է Ռուսաստանի կողմից ԱՄՆ ընտրություններին միջամտելու վերաբերյալ ամերիկյան գործակալությունների պնդումներին:

«Մեր հակառակորդները չեն տեսել մեր բավարար հակազդեցությունը, այլապես կփոխեին իրենց վարքագիծը», - դիմելով ամերիկյան օրենսդիրներին՝ հայտարարել է բարձրաստիճան գեներալը:

Կիբեռ հրամանատարության մեջ մտնում են ռազմական ստորաբաժանումներ, որոնք կոչված են թե՛ պաշտպանելու կիբեռ-գրոհներից, և թե՛ պատասխան գրոհներ ձեռնարկելու:

XS
SM
MD
LG